Hetq.am-ը գրում է. «Հայաստանում ցեմենտ արտադրող խոշոր գործարանի՝ «Արարատցեմենտի» շուրջ իրավական-քաղաքական գործընթացները շարունակվում են։
Հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունից հաղորդեցին, որ «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։
Հուլիսի 21-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ կառավարումը հանձնվել է Էկոնոմիկայի նախարարությանը և այս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը։ Նախարարի գրառման մեջ կարելի է անգամ սպառնալիք կամ զգուշացում տեսնել։ Նա գործարանի աշխատակիցներին հորդորել է բարեխղճորեն և պատասխանատվությամբ աշխատել, «որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»։ Իսկ բարեխիղճ և գիտակ աշխատողներին նա խոստանում է, որ կշարունակեն աշխատել։
«Արարատցեմենտ»-ն առանցքային դեր ունի Փաշինյան-Ծառուկյան հակամարտության նոր փուլում։ Դեռ մայիսին՝ ԱԺ վերջին ընտրությունների քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արարատցեմենտ»-ն անվանել էր Ծառուկյանի «բիզնեսի ողնաշար» և հայտարարել, որ այն շուտով պետականացվելու է։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին երկու ամսով կալանավորվել է։
Հուլիսի 13-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ գործարանում բացահայտել է հարկերից խուսափելու և անապրանք գործարքների իրականացման խոշոր սխեմաներ։
Վիճակագրական կոմիտեի, Մաքսային ծառայության և բաց աղբյուրների տվյալների հիման վրա փորձել ենք հասկանալ՝ պաշտոնապես ինչ ծավալներ ունի ցեմենտի շուկան Հայաստանում, և ինչ կշիռ ունեն «Արարատցեմենտ»-ն ու մյուս գործարանները շուկայում։
Ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի և «Շինցեմենտ»-ի ծավալների մասին
Վիճակագրական կոմիտեն, առևտրային գաղտնիք համարելով, չի հայտնում, թե որ ընկերությունը որքան ցեմենտ է արտադրում, հետևաբար՝ հստակ ասել չենք կարող, թե շուկայում կոնկրետ որքան մասնաբաժին ունեն արտադրող գործարանները։
Փոխարենը տարբեր բաց և փակ աղբյուրների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «Արարատցեմենտ»-ը 2025 թվականին ապահովել է Հայաստանում ցեմենտի արտադրության 75-80%-ը։ Ցուցանիշը կոնկրետացնելու համար փորձեցինք տվյալներ ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանից, «Արարատցեմենտ» գործարանից, սակայն առաջին երկու աղբյուրները նշեցին, որ չեն տիրապետում տվյալներին, իսկ գործարանից հեռախոսազանգերին չպատասխանեցին։
Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ նախորդ տարիներին ևս «Արարատցեմենտ»-ին է բաժին ընկել Հայաստանում արտադրված ցեմենտի առյուծի բաժինը։
Օրինակ՝ իր ելույթներից մեկում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել է, որ 2020 թվականին «Արարատցեմենտ»-ն արտադրել է 534 հազար տոննա ցեմենտ։ Դա կազմել է նշված տարում Հայաստանում արտադրված ցեմենտի 75%-ը: Այդ ժամանակ դեռևս գործում էր նաև «Հրազդան ցեմենտ» գործարանը, որը ևս որոշակի ծավալներ էր ապահովում։
Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» պաշտոնական կայքում նշված է, որ «Արարատցեմենտ»-ն աշխատում է տեղական հումքի բազայով և այլ երկրներից հումք ներկրելու անհրաժեշտություն չունի։
Ըստ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի 2025 թվականի ֆինանսական հաշվետվության, որը նաև աուդիտ է անցել, 2025 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության աշխատողների թիվը կազմել է 991 մարդ։
Այս տարվա հուլիսին մի քանի օր փակ մնալուց հետո գործարանը սկսել է աշխատել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եթե «Արարատցեմենտ»-ը ևս մի քանի օր չաշխատեր, շինարարական կոլապս էր առաջանալու։
Շուկայում մյուս համեմատաբար տեսանելի ծավալ ապահովող ընկերությունը «Շինցեմենտ» ՍՊԸ-ն է։ Ինչպես «Արարատցեմենտ»-ը, այն ևս գործում է Արարատի մարզի Արարատ քաղաքում։
2025-ի մարտին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է նշված գործարան։ Նախարարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ընկերությունն արտադրում է Հայաստանի ցեմենտի շուրջ 15%-ը։
«Հետք»-ի հետ զրույցում «Շինցեմենտ»-ի համասեփականատեր Գուրգեն Սարգսյանը նշեց, որ 2025 թվականին ընկերությունն արտադրել է շուրջ 150 հազար տոննա ցեմենտ։ Այս տվյալներով ևս ստացվում է, որ նշված տարում «Շինցեմենտ»-ն ապահովել է ցեմենտի տեղական արտադրության 15-16%-ը։
Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Շինցեմենտ» ՍՊԸ-ի համասեփականատերերն են Գուրգեն Սարգսյանը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի որդին, ինչպես նաև՝ նրա գործընկեր Համազասպ Պողոսյանը։
Ընկերությունը վարձակալել է մասնաշենք Արարատ քաղաքում, որը «Հատուկ ցեմենտ» ընկերության նախկին ցեմենտի գործարանի տարածքում է։ «Հատուկ ցեմենտ» ընկերության շուրջ 45%-ը պատկանում է Արամ Զավենի Սարգսյանին, 45%-ը՝ Համազասպ Պողոսյանի հորը՝ Նորայր Պողոսյանին։
«Շինցեմենտ»-ը ցեմենտ է արտադրում պատրաստի կլինկերի հիման վրա: Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի հուլիսին։
Տարբեր ընկերություններ վերջին տարիներին Հայաստանում ցեմենտ արտադրելու հայտ են ներկայացրել։ Օրինակ՝ 2024-ին «ԷմՋիԷն» ՍՊԸ-ն դրական եզրակացություն է ստացել Արարատ բնակավայրի տարածքում կլինկերից ցեմենտի արտադրության համար։ Ենթադրվում է, որ նույնիսկ գործելու պարագայում այդ ընկերությունները ցեմենտի մեծ ծավալներ չեն ապահովում։
Ինչ վերաբերում է «Հրազդան ցեմենտ»-ին (նախկինում՝ «Միկա ցեմենտ»), այն ներկայումս չի գործում։ 2022 թվականին սկսվել է գործարանի սնանկության գործընթացը։
Source: https://news.am/hy/news/1051400