Ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի պատճառով 5 կին ուղևոր չի կարողացել լեհական Վրոցլավից մեկնել խորվաթական Զադար, գրում է «Polsat News»-ը։
Կանայք խախտել են հասարակական կարգը, չեն ենթարկվել անձնակազմի պահանջներին և վիճաբանության մեջ են մտել մյուս ուղևորների հետ։
Լեհաստանի սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ հատուկ արձագանքման խումբ է կանչվել դեպքի վայր։ Բոլոր հինգ ուղևորներին իրավապահների ուղեկցությամբ իջեցրել են ինքնաթիռից։
Նախնական տվյալներով՝ կանանց վարքը կասկածներ է հարուցել այն մասին, որ նրանք կարող էին ալկոհոլի ազդեցության տակ լինել։ Ստուգումը ցույց է տվել, որ հինգ ուղևորներից երեքի մոտ իսկապես ալկոհոլի օգտագործման նշաններ են հայտնաբերվել։
Կանայք տուգանվել են, իսկ օդանավի հրամանատարը որոշում է կայացրել մերժել նրանց փոխադրումը։ Նրանց հեռացրել են ուղևորների ցուցակից, և նրանք այդպես էլ չեն կարողացել մեկնել Խորվաթիա։
Սահմանապահները հիշեցրել են, որ ինքնաթիռի կապիտանը պատասխանատու է օդանավում գտնվող բոլոր մարդկանց անվտանգության համար և իրավունք ունի մերժել այն ուղևորների փոխադրումը, որոնց վարքագիծը սպառնում է անվտանգությանը կամ խախտում է հասարակական կարգը։
Միջադեպի պահին արված տեսագրություններն արագորեն տարածվել են սոցիալական ցանցերում։ Ականատեսների խոսքով՝ լարված իրավիճակը սկսվել էր դեռևս նախքան ինքնաթիռ նստելը։ Ենթադրվում է, որ կանանց խումբը Խորվաթիա է մեկնել հարսնացուի երեկույթին մասնակցելու նպատակով։
Source: https://news.am/hy/news/1049239