Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգն ու ակցիայի մյուս մասնակիցներն իրենց սոսնձել են գետնին գերմանական «Rheinmetall» պաշտպանական հոլդինգի՝ Բեռլինի կենտրոնում գտնվող գրասենյակի մոտ։ Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ առավոտյան Փարիզյան հրապարակում (Փարիզեր պլաց) հավաքվել է ավելի քան 40 մարդ։ Ակցիայի շուրջ 40 մասնակիցներ իրենց սոսնձել են գետնին՝ արգելափակելով Էբերտշտրասե փողոց տանող անցումներից մեկը։
Ինչպես գրում է «Berliner Zeitung»-ը, բողոքի ակցիան կազմակերպել էր «Peacefully against Genocide» (Խաղաղ կերպով ընդդեմ ցեղասպանության) շարժումը։ Մասնակիցները դեմ են արտահայտվել Բեռլինի Վեդինգ թաղամասում գտնվող «Rheinmetall» գործարանի գործունեությանը, դատապարտել են Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունները, ինչպես նաև իրենց բողոքն են արտահայտել զինված հակամարտություններում գերմանական սպառազինության կիրառման դեմ։
Ոստիկանությունը վերահսկել է ակցիայի անցկացման վայրում տիրող իրավիճակը։ Ձերբակալությունների կամ լուրջ միջադեպերի մասին տեղեկություններ չեն ստացվել։
Source: https://news.am/hy/news/1049524