Գերմանիայում երկտեղանոց ինքնաթիռը բախվել է բնակելի տանը, հայտնում է Bild-ը։

Ավիավթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, Ստորին Սաքսոնիա երկրամասի Գանդերկեզե բնակավայրում։ Կապույտ և սպիտակ գույների թեթևաշարժ ինքնաթիռը հարվածել է տան տանիքին։ Ոստիկանության տվյալներով՝ պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել․ անձի ինքնությունն այս պահին անհայտ է։

Փոքր ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և անկյան տակ՝ քթամասով դեպի ներքև, ծակելով կղմինդրը, ընկել է ձեղնահարկ։ Օդաչուի խցիկն ամբողջությամբ ավերվել է, թևերը պոկվել են, իսկ բեկորները թափվել են գետնին։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։ Հրշեջները տանիքը զննել են շարժական աստիճանով, իսկ ոստիկանությունը շրջափակել է տարածքը։ Եղած տեղեկությունների համաձայն՝ օդանավում ևս մեկ մարդ է եղել, սակայն նրան դեռևս չի հաջողվել գտնել․ որոնողական աշխատանքների համար փրկարարներն անօդաչու թռչող սարքեր են կիրառում։

Տանը բնակվող ընտանիքը աղետի պահին ներսում չի եղել։ Ըստ ամենայնի՝ ողբերգական պատահարից կարճ ժամանակ առաջ օդ բարձրացած ինքնաթիռը թռել է Բրեմենից։

Source: https://news.am/hy/news/1051700