Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտում անտառային խոշոր հրդեհը ընդգրկել է 2 հազար հեկտար տարածք, անվտանգության նկատառումներով էվակուացվել է շուրջ 12 հազար մարդ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Չորեքշաբթի երեկոյան Արկաշոնի ծոցից հյուսիս՝ Սոմո կոմունայի մոտ գտնվող անտառային զանգվածում բռնկված հրդեհի մակերեսը կազմել է 900 հեկտար, սակայն քամու և տարածաշրջանում հաստատված շոգ եղանակի պատճառով կրակը արագորեն տարածվել է։ Հինգշաբթի առավոտվա դրությամբ հրդեհը դեռ չի հաջողվել վերահսկողության տակ վերցնել։ Այս ընթացքում կրակը բավականին մոտեցել է Լեժ-Կապ-Ֆերե կոմունային, ինչի պատճառով Կապ-Ֆերե թերակղզու ճանապարհը փաստացի փակվել է։
«Բոլոր այցելուներին, ովքեր ուղևորվում էին այնտեղ, խորհուրդ ենք տալիս հետ դառնալ․ այնտեղ հասնելն անհնար է», — հեռուստաալիքին հայտնել է Լեժ-Կապ-Ֆերեի քաղաքապետ Ֆիլիպ Լե Արիվելը։ «Մենք չենք պատրաստվում մարդկանց էվակուացնել թերակղզուց ո՛չ ծովով, ո՛չ էլ ցամաքով։ Սակայն այժմ ուսումնասիրում ենք որոշ քեմփինգներից մարդկանց դուրս բերելու հնարավորությունը»։
Նոր Ակվիտանիա տարածաշրջանի և Ժիրոնդ դեպարտամենտի պրեֆեկտուրայի վերջին հաղորդագրության համաձայն՝ կրակի դեմ պայքարում ներգրավված է հրշեջ-փրկարարական ծառայության շուրջ 1000 աշխատակից։ Չորեքշաբթի երեկոյան հաղորդվել էր նաև չորս խոշոր հրշեջ ինքնաթիռների և չորս թեթև ինքնաթիռների կիրառման մասին։ Կրակի գծի երկարությունը, որի դեմ պայքարում են հրշեջները, կազմում է շուրջ 30 կիլոմետր։
Source: https://news.am/hy/news/1051337