ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի անվտանգության աշխատակիցներից մեկը՝ Գաղտնի ծառայության գործակալը, հեռացվել է աշխատանքից՝ քաղաքական գործչի ուղևորությունների մասին տեղեկատվության արտահոսքի կասկածանքով. նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաընկերության պնդմամբ՝ պարզվել է այն անձի ինքնությունը, ով, ըստ ենթադրության, տեղեկություններ է տարածել փոխնախագահի կողմից անձնական ուղևորությունների ծրագրման նպատակով պահպանության ռեսուրսների անհիմն օգտագործման մասին։ CNN-ի զրուցակիցների փոխանցմամբ՝ ստուգումն իրականացնում է գործակալության ներքին գործերի ստորաբաժանումը, և դեռևս պարզ չէ՝ արդյոք կկիրառվեն վարչական տույժեր, թե կներկայացվեն քրեական մեղադրանքներ։
Ավելի վաղ MS Now հեռուստաալիքը նյութ էր հրապարակել այն մասին, որ Գաղտնի ծառայության գործակալները դժգոհ են, թե ինչպես է փոխնախագահը ծախսում իր ընտանիքի անվտանգության ապահովման համար հատկացված պետական ռեսուրսները։ MS Now-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վրդովմունքի վերջին առիթը քաղաքական գործչի՝ կրտսեր որդուն գոլֆի պարապմունքին հասցնելու համար ռազմական ուղղաթիռ օգտագործելու որոշումն է եղել։ Հեռուստաալիքը նշում է, որ անվտանգության որոշ աշխատակիցների կարծիքով՝ նախկին փոխնախագահների համեմատությամբ Վենսն աննկարագրելի շատ է չարաշահում պետական ռեսուրսները։
Source: https://news.am/hy/news/1051365