Ֆրանսիան չի կարող իր քաղաքացիներին արտահանձնել այլ երկրներ. նման հնարավորությունն ուղղակիորեն արգելված է ֆրանսիական օրենսդրությամբ։ Դրա մասին հայտարարել է ֆրանսիացի փաստաբան Ֆիլիպ դը Վելը՝ մեկնաբանելով Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին Ռուսաստանում ահաբեկչական գործունեությանն աջակցելու գործով առաջադրված մեղադրանքները, հայտնում է ТАСС-ը։
«Ֆրանսիայի քրեական դատավարության օրենսգրքի 696-4 հոդվածն արգելում է Ֆրանսիայի քաղաքացիների արտահանձնումը։ Միևնույն ժամանակ, երկիրը կարող է ինքը քրեական հետապնդում հարուցել, եթե համապատասխան արարքները պատժելի են նաև հանրապետությունում»,- ասել է դը Վելը։
Պավել Դուրովը, ռուսական և ֆրանսիական քաղաքացիությունից բացի, ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Սենթ Քիթս և Նևիսի անձնագրեր։
Փաստաբանը նշել է, որ նույնիսկ Ռուսաստանի հարցմամբ Ինտերպոլի կողմից Դուրովին կալանավորելու միջազգային հրամանագրեր ձևակերպվելու դեպքում այն ավտոմատ կերպով ի կատար չի ածվի Ֆրանսիայում։
«Հրամանագիրը լրացուցիչ ստուգում է անցնում։ Դատախազությունը և ֆրանսիական դատարանը, մասնավորապես, ստուգում են՝ արդյոք համապատասխան արարքը հանցագործություն է համարվում Ֆրանսիայում։ Բացի դրանից, ինքը՝ Ինտերպոլը, ևս կստուգի հարցումը. կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածը թույլ չի տալիս քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի ծանուցումներ»,- պարզաբանել է դը Վելը։
Փաստաբանը հավելել է, որ ֆրանսիական իշխանություններն այդ դեպքում առանձին կգնահատեն ինչպես մեղադրանքների իրավական կողմը, այնպես էլ հարցման համապատասխանությունը միջազգային համագործակցության կանոններին։
Source: https://news.am/hy/news/1052309