Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։
Եթե դա վերածենք տարեկան եկամտի, տարբերությունն ավելի ակնհայտ է դառնում․ Արհմիությունների եվրոպական կոնֆեդերացիայի (ETUC) գնահատմամբ, որը նույնպես հիմնված է Եվրոստատի տվյալների վրա, ԵՄ-ում միջին վիճակագրական կինը տարեկան գրեթե 3 900 եվրո պակաս է ստանում, քան տղամարդը։
Սա նշանակում է, որ ԵՄ-ում աշխատող 92,5 միլիոն կին ընդհանուր առմամբ տարեկան կորցնում է ավելի քան 358 միլիարդ եվրո։
Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։
2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
Տարեկան կորուստները ևս գերազանցում են միջին եվրոպական ցուցանիշը (3 881 եվրո) Էստոնիայում (4 967 եվրո), Ֆրանսիայում (4 536 եվրո), Չեխիայում (4 499 եվրո) և Իռլանդիայում (4 129 եվրո)․ այս բոլոր երկրներում դրանք գերազանցում են 4 000 եվրոյի սահմանագիծը։
Source: https://news.am/hy/news/1051647