Արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական հակամարտության կամ միջուկային սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության համար Ֆինլանդիայի մայրաքաղաքի տակ ստորգետնյա կառույցների հսկայական ցանց է գործում: Այս մասին հայտնում է The Times թերթը՝ «Եթե Պուտինը ներխուժի Ֆինլանդիա, ապա միջուկային ապաստարաններն արդեն պատրաստ են. դրանցում կան լողավազաններ և գնդակներով մանկական խաղահրապարակներ» վերնագրով հոդվածում:
Պարբերականի տվյալների համաձայն՝ Հելսինկիի տակ տեղակայված է շուրջ 5,5 հազար ստորգետնյա օբյեկտ, որոնք կարող են ընդունել գրեթե մեկ միլիոն մարդ: Դրանց մեծ մասը կառուցված է «երկակի նշանակության» սկզբունքով. խաղաղ ժամանակ դրանք օգտագործվում են որպես հասարակական և մարզական տարածքներ, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են արագորեն վերածվել պաշտպանական ապաստարանների:
Ստորգետնյա ենթակառուցվածքներում տեղակայված են մանկական խաղասենյակներ, մարզադահլիճներ, լողավազաններ, մագլցման պատեր, սառցե արենաներ, քարտինգի վազքուղիներ, ինչպես նաև երաժշտական խմբերի դասասենյակներ: Խոշորագույն ապաստարաններն ապահովված են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ինքնավար համակարգերով:
Այս օբյեկտների մշտական օգտագործումը թույլ է տալիս դրանք պահել աշխատանքային վիճակում և օգնում է բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին, նախապես ընտելանալ նման տարածքներին՝ նշել է քաղաքային փրկարար ծառայության ներկայացուցիչ Յուկա-Պեկա Շրեդերուսը:
Հոդվածում ընդգծվում է, որ ապաստարանների առկայությունը քաղաքացիներին չի ազատում հնարավոր արտակարգ իրավիճակներին ինքնուրույն պատրաստվելու անհրաժեշտությունից: Բնակիչներին խորհուրդ է տրվում առնվազն երեք օրվա ջրի, սննդի, դեղորայքի և կապի միջոցների պաշար ունենալ:
Ըստ պարբերականի՝ այս համակարգը դիտարկվում է որպես քաղաքացիական պաշտպանության բաղադրիչ տարբեր ճգնաժամերի, այդ թվում՝ հնարավոր ռազմական հարձակման դեպքերի համար:
Source: https://news.am/hy/news/1049447