Հավանության են արժանացել Սյունիքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա) և Երևանում մաքսային-լոգիստիկ կենտրոնների կառուցման վերաբերյալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ դրամաշնորհային համաձայնագրի իրականացման աջակցության նախագծի ստորագրման առաջարկությունները։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։
Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևանում և Սյունիքում կենտրոնների ստեղծումը ազատ տնտեսական գոտիների կենտրոնների հիմնման գործող ծրագրի անբաժանելի մասն է։
Սյունիքի մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ստորագրված համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանին հատկացնել մոտ 12 միլիոն եվրո, որից 10 միլիոն եվրոն՝ վարկային, իսկ 2 միլիոն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների տեսքով։ Երևանի մաքսային-լոգիստիկ կենտրոնի կառուցման համար Հայաստանը կստանա 45 միլիոն եվրո, որից 39 միլիոն եվրոն՝ վարկային (երկու տրանշով), իսկ 6 միլիոն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների տեսքով։
Ստորագրված փաստաթղթերի շրջանակում Հայաստանին կտրամադրվի նաև «կանաչ հավաստագրման» հարցերով խորհրդատվական աջակցություն։
Source: https://news.am/hy/news/1052438