Դանիայում տարածվում են կաղնու մետաքսագործի թունավոր թրթուրները, որոնց հետ շփումը կարող է առողջական խնդիրների հանգեցնել, հայտնել է դանիական TV2 հեռուստաալիքը՝ միջատներն անվանելով «դժոխքից եկած թրթուրներ»։

Կաղնու մետաքսագործի թրթուրների մարմինը ծածկող մազիկները պարունակում են տաումետոպեին թունավոր սպիտակուց, որը մարդու մոտ առաջացնում է մաշկի գրգռվածություն, քոր և շնչառական խնդիրներ։ Առանձին դեպքերում հնարավոր է ալերգիկ շոկ։

«Մինչ օրս կաղնու մետաքսագործները հայտնաբերվել են Օդենսե, Նյուբորգ, Կերտեմինդ, Նորդֆյունս, Կոպենհագեն, Մորսե և Հերնինգ համայնքներում», - նշվել է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հեռուստաալիքի տվյալներով, դանիական մի շարք մունիցիպալիտետներ արդեն հայտարարել են այս թրթուրների հայտնաբերմանը նախապատրաստվելու մասին. տեղական իշխանությունները նշել են, որ չեն կարող ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեին մետաքսագործի հայտնվելը, սակայն բնակիչներին խնդրում են հատկապես ուշադիր ստուգել կաղնիները նախքան տնկելը։

TV2-ի տեղեկություններով՝ ամառային արձակուրդներից հետո Դանիայի կառավարությունը կհրավիրի խորհրդարանական կուսակցություններին՝ «դժոխքից եկած թրթուրների» դեմ պայքարի ապագա ծրագրի քննարկման համար։

Source: https://news.am/hy/news/1049107