Հարցազրույց փաստաբան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ
Տիկին Սահակյան, տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանի գործով արդեն պաշտոնական գանգատ եք ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր բողոքարկել ադրբեջանական դատական համակարգի վերադաս ատյան՝ անիմաստ համարելով դատական ֆարսի շարունակությունը, իսկ մյուս տասնհինգ հայերի գործով վերաքննիչ բողոքը քննվում է և արդեն կարծես մոտենում է ավարտին: Ի՞նչ ակնկալիքներ ունենք:
Տասնհինգի գործով կանխատեսելի է, որ կպահպանվի ռազմական դատարանի վճիռը։ Ադրբեջանի որևէ դատարան չի կարող էթնիկ հայերի խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմ լինել, առավել ևս, երբ գործ ունենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող որևէ հարցի հետ։
Իսկ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատն արդեն ներկայացվել է ՄԻԵԴ, քանի որ անհնար է պաշտպանել իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդարությունն ու իրավունքները, և դատավարությունը գործադիր իշխանության քաղաքական որոշումների կատարման արարողակարգ է։ Ընտանիքի միջոցով մեզ հասանելի է դարձել դատավճիռը, որը թարգմանվել է անգլերեն և ներկայացվել համապատասխան փաստաթղթերի հետ։ Ակնկալում ենք, որ ՄԻԵԴ-ը, համաձայն իր ընթացակարգերի, ընթացք կտա գանգատին։
Փաստորեն, առաջին անգամ հնարավորություն եք ունեցել դատավճիռին ծանոթանալ ամբողջությամբ, այդպես է՞:
Այո: Եվ դրանից հետո միանգամից պարզ է դարձել, թե ինչու են նիստերն անցակացվել դռնփակ՝ առանց միջազգային դիտորդների և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության: Դատավճռին ծանոթանալուց հետո ակնհայտ է, որ մեկ տարուց ավելի տևած նախաքննության և մեկ տարի տևած դատաքննության ընթացքում իրականում չի հաջողվել իրենց իսկ հնարած «մեղադրանքներին» քիչ թե շատ տրամաբանությանը մոտ «հիմնավորում» գտնել: Մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ, կցկտուր, մասնագիտական առումով որևէ քննադատության չդիմացող ինչ-որ փաստաթղթի հետ, որի անունը «դատավճիռ է» և որի հիման վրա մեր հայրենակիցները , ըստ էության, ապօրինի պատանդ են պահվում այդ երկրում:
Ձեր հայտարարությունում նշել էիք, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ութ հոդվածներ եք գանգատարկել: Ո՞ր հոդվածների մասին է խոսքը:
Խախտումները վերաբերում են Կոնվենցիայի հիմնարար դրույթներին։ Առաջին հերթին խոսքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի մասին է։ Ընդ որում, խախտումները վերաբերում են այս հոդվածի բոլոր երեք կետերին։ Միայն այս հոդվածի խախտումն արդեն իսկ կասկածի տակ է դնում դատական գործընթացն ամբողջությամբ և կայացված դատավճիռների իրավականությունը։ Որոշ իրավունքների խախտումներ բարձրացվել են նաև խտրականության արգելքի և քաղաքական դրդապատճառներով իրավունքների սահմանափակման արգելքի համատեքստում։
Նշել էիք, որ, ըստ «դատավճռի», Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։
Իրականում «դատավճռով» Վարդանյանի անհատական մեղք չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։
Փոխարենը դատարանը եզրակացրել է, որ «հանցավոր համայնքը»՝ Արցախի չճանաչված վարչակազմը, Լեռնային Ղարաբաղում գործել է 1988 թվականից, և որ Վարդանյանը միացել է այդ համայնքին 2020 թվականի դեկտեմբերին, չնայած որ այդ ժամանակ նա բնակվում էր Մոսկվայում։
Դատարանը եզրակացրել է, որ նրա կողմից հետագայում Արցախի պետական հաստատություններին ցուցաբերած աջակցությունը նրան պատասխանատու է դարձնում այդ «համայնքին» վերագրվող բոլոր «հանցագործությունների» համար։
«Դատավճռում», ի թիվս այլնի, հիշատակվում են սպանություններ, սպանության փորձերի ենթադրյալ զոհեր, տեղահանված անձինք, հարկադիր անհետացումներ, ենթադրյալ խոշտանգումների ենթարկված կալանավորված անձինք, պատանդներ, մինչդեռ այդ ենթադրյալ դեպքերի իրականացումը, պարզվում է, տեղի է ունեցել Վարդանյանի՝ Արցախում պետական պաշտոն զբաղեցնելուց կամ այնտեղ բնակվելուց շատ տարիներ առաջ և որևէ կապ չի ունեցել նրա հետ։
Ռուբեն Վարդանանի հետ առավել անմիջականորեն կապվող գործողությունները հիմնականում վերաբերում էին նրա՝ 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվարը Արցախի պետական նախարարի պաշտոնում ծառայությանը, ինչպես նաև 2023 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր իրականացրած գործունեությանը։
Վարդանյանի կողմից պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես «իշխանության բռնի զավթում», նրա առևտրային և բարեգործական գործունեությունը՝ որպես «ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում», իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ որպես Ադրբեջանի պետական սահմանի «ապօրինի հատում»։
Միաժամանակ դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որը Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու վերաբերյալ, ինչպես նաև չի հաստատվել նրա անձնական մասնակցությունը նրան վերագրված դեպքերում։
Տիկին Սահակյան, եթե անգամ ՄԻԵԴ-ը բավարարի գանգատը, արդյո՞ք Ադրբեջանը կատարելու է ՄԻԵԴ-ի որոշումը: Վերջին տարիների փորձը, ցավոք, ցույց է տվել միջազգային կառույցների անզորությունը, քանի որ նույն Ադրբեջանը չի կատարել ո՛չ ԵԽԽՎ, ո՛չ Եվրախորհրդարանի բանձևերը, անտեսել է բազմաթիվ կոչեր, անգամ արհամարհել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Եվ Ադրբեջանի այս վերաբերմունքն ամենևին չի խանագարում, որ Եվրամիության առաջնորդներ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Կայա Կալլասը Ադրբեջանի բռանապետին կարևոր գործընկեր անվանեն:
Իհարկե, ցավալի է ընդունել, որ ներկա իրավիճակում միջազգային իրավունքը, մարդու հիմնարար իրավունքները, ժողովրդավարական արժեքները ստորադասվում են աշխարհաքաղաքական շահերին, բայց, իմ համոզմամբ, չպետք է իրավական կողմը թերագնահատել, առավել ևս, հուսահատվել ու դադարել պայքարելուց: Ես անձամբ, որպես իրավաբան, կարևորում եմ միջազգային իրավական գործընթացները: Վստահ եմ, որ դրանց արդյունքները վաղ թե ուշ անհետևանք չեն մնա և ավելի քան համոզված եմ, որ մենք բոլոր հիմքերն ունենք հասնելու դրական արդյունքի ՄԻԵԴ-ում:
Source: https://news.am/hy/news/1051169