Ռուսաստանը հույս չունի, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի նշանակմամբ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունները կբարելավվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Պուտինը Բրիտանիայի նոր վարչապետի հետ շփումներ դեռևս չի պլանավորում։

«Կրեմլի դիտարկմամբ՝ Բրիտանիայի նոր վարչապետն իր առաջին իսկ ելույթներում խոսել է Կիևին սատարելու մասին, ինչը նշանակում է, որ մտադիր է անել ամեն ինչ պատերազմը երկարաձգելու համար»,- նշել է նա։

Պեսկովն անընդունելի է համարել Ուկրաինայում օտարերկրյա զորախմբի տեղակայումը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի կարող դա թույլ տալ․ «Հատուկ ռազմական գործողությունն իրականացվում է հենց նրա համար, որպեսզի Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ոչ մի զորք չլինի»,- պարզաբանել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է նաև, որ պահեստի վրա հարձակումից հետո Wildberries-ում իրավիճակը բարդ է, և Կառավարությունն զբաղվում է այդ հարցով։

Source: https://news.am/hy/news/1050916