Բեռլինում վրաերթի մեջ կասկածվող անձը նախկինում արդեն դատապարտվել էր ահաբեկչություն նախապատրաստելու համար․ նրան ուղարկել էին ապառադիկալացման դասընթացների։ Աբդուլ Բալուտը նախկինում արդեն ծրագրել էր ահաբեկչական գործողություն։ Bild-ի տեղեկություններով,՝ 2025 թվականին նա փորձել էր մեկնել Սիրիա, սակայն ձերբակալվել էր Լիբանանում և որպես Գերմանիայի քաղաքացի վերադարձվել էր Գերմանիա։
2026 թվականի մայիսին Բեռլինի Տիրգարտենի շրջանային դատարանը Բալուտին դատապարտել էր մեկ տարի տասը ամիս ազատազրկման՝ պետական անվտանգության դեմ ծանր հանցագործություն նախապատրաստելու համար։ Դատախազությունը պահանջել էր երկու տարի տասը ամիս և բողոքարկել էր որոշումը։ Մինչ վերաքննիչ բողոքը քննվում էր, ոստիկանությունը ժամանակավորապես հետևում էր տղամարդուն, գաղտնալսում էր նրա հեռախոսը, նա գտնվում էր ազատության մեջ, սակայն պարտավոր էր շաբաթը մեկ ներկայանալ հսկող պաշտոնյային։
Բալուտը նաև սկսել էր հաճախել ապառադիկալացման խորհրդատվությունների։ Ինչպես գրում է WELT-ը, նա կամավոր եկել էր հանդիպումների հունիսի 15-ին և հուլիսի 9-ին, իսկ հաջորդ հանդիպումը նշանակված էր հարձակման հաջորդ օրը։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում էր նրան նշանակել նման 26 խորհրդատվություն։
Հարձակումից հետո քննիչները Բալուտի հեռախոսը գտել էին վնասված ֆուրգոնում։ Ոստիկանությունը շարունակում է նրան որոնել ամբողջ Եվրոպայում և նախազգուշացնում է, որ տղամարդը կարող է զինված և վտանգավոր լինել։
Հարձակման հետևանքով տուժել է 29 մարդ, հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Ալեքսանդեր Դոբրինդտը, հաղորդում է DW-ն։ Ենթադրաբար հանցագործը մարդկանց վրա հարձակվել է մաչետեով։ Զոհերի թվում, բացի վիրավորներից, կա նաև մեկ զոհված կին։
Նախարարը պարզաբանել է, որ կասկածյալը մարդկանց մեքենայով վրաերթի ենթարկելուց հետո մաչետեով հարձակվել է անցորդների վրա։ Տղամարդը դեռ փախուստի մեջ է, և նրան ձերբակալելու համար լայնածավալ գործողություն է իրականացվում Գերմանիայի երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում և սահմաններին։ Դոբրինդտը հաստատել է, որ խոսքը իսլամիստական ահաբեկչական ակտի մասին է։
Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին ուղևորի ձերբակալության մասին, որը, ենթադրաբար, հարձակման պահին եղել է Աբդուլ Բ․-ի հետ նույն մեքենայում։ Դոբրինդտի տվյալներով, Աբդուլ Բ․-ն Գերմանիայի քաղաքացի է, որը ծնվել է այստեղ։ Ավելի վաղ դատարանը նրան դատապարտել էր մեկ տարի տասը ամիս ազատազրկման՝ հարձակում նախապատրաստելու համար, սակայն հետագայում պատիժը փոխարինվել էր պայմանականով․ դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։
Source: https://news.am/hy/news/1051787