Բեռլինում ԼԳԲՏ շքերթի մասնակիցների վրա ֆուրգոնի վրաերթի հետևանքով մի կին է զոհվել, 16 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանությունը, հայտնում է DW-ն։ Տուժածներից մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել։

Bild թերթը հրապարակել է մարդկանց վրաերթի ենթարկած սպիտակ ֆուրգոնի կադրերը։ Ինչպես գրում էպարբերականը, սպիտակ ֆուրգոնը Տիրգարտեն այգում վրաերթի է ենթարկել մարդկանց. այն միտումնավոր ճզմել է մարդկանց, ապա բախվել ծառին։

Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է Բեռլինում ԼԳԲՏ շքերթի վրա կատարված վրաերթի կասկածյալի ինքնությունը. նա կապված է իսլամիստների հետ։

Ինչպես հայտնել են որոշ ականատեսներ, տղամարդը, որը վարում էր ամբոխի վրա վրաերթ կատարած ֆուրգոնը, սառը զենքով էր զինված։ Քննիչները նաև պարզում են, թե արդյոք հանցագործը միայնակ է գործել, թե խմբով։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մարդկանց վրա վրաերթը անվանել է «նողկալի հանցագործություն»։ Նա ողբերգությունը քննարկել է ՆԳ նախարար Ալեքսանդեր Դոբրինդտի հետ. նրանք խոստացել են «առանձնահատուկ հաստատակամությամբ հասնել բոլոր հանգամանքների բացահայտմանը և մեղավորների պատժմանը», հայտարարել են ԳԴՀ կառավարությունից։

dpa-ի տվյալներով, ոստիկանությունը որոնում է 21-ամյա տղամարդու, որը մինչև 2026 թվականի մայիսը գտնվել է ուղղիչ հիմնարկում։ Քննիչները մտադիր են մոտ ժամանակում հրապարակել կասկածյալի լուսանկարը։ Die Welt-ը ճշտում է, որ մեքենան, որը վրաերթի է ենթարկել փրայդի մասնակիցներին, վարձակալել էր 2005 թվականին ծնված Աբդուլ Բ.-ն։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ մեքենայի վարձակալը ոստիկանությանը հայտնի է «կրոնական համատեքստում»։

Die Welt-ը նաև գրում է, որ տան բնակիչներից մեկը, որտեղ ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել, պատմել է, թե երիտասարդը դեռ մի քանի ամիս առաջ իբր պարծենում էր հարձակում իրականացնելու ծրագրերով և դժգոհություն էր հայտնում Գերմանիայում իր կյանքից։

Ոստիկանության տվյալներով, կասկածյալը բախումից հետո լքել է ավտոմեքենան և դիմել փախուստի։ Ոստիկանությունը նաև պարզում է, թե դրանից հետո ինչ է տեղի ունեցել. հնարավոր է՝ տեղի է ունեցել սառը զենքով հարձակում։ Ականատեսները հայտնում են, որ մի քանի մարդ դանակահարված են եղել. ոմանք ասում են, որ տեսել են մաչետեով տղամարդու, գրում է n-tv-ն։

Source: https://news.am/hy/news/1051736