ԱՄՆ-ն մասամբ դադարեցրել է Իրանի դեմ պատերազմի էսկալացիայի ծրագրերի իրականացումը՝ Patriot հակահրթիռային համալիրների և այլ պաշտպանական սպառազինության պաշարների կրճատման վերաբերյալ մտահոգությունների պատճառով,The New York Times-ին է հաղորդել երկու աղբյուր։
Ինչպես հայտնել են պաշտոնյաները, որոնք անանունության պայմանով քննարկել են օպերատիվ հարցեր, փակ քննարկումների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացել է Պենտագոնի տրամադրության տակ գտնվող Patriot որսիչների և հակաօդային պաշտպանության այլ միջոցների քանակի կրճատման վրա։ Ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, անցած ուրբաթ Հորդանանում զոհվել է երեք ամերիկացի զինվոր, երբ բալիստիկ հրթիռը ճեղքել է ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգը՝ իրանական հրթիռների և անօդաչուների զանգվածային հարձակումը հետ մղելու ֆոնին։
Իրավիճակին ծանոթ աղբյուրների վկայությամբ, վարչակազմը նաև մտահոգված է Մերձավոր Արևելքում ավելի լայնածավալ պատերազմի բորբոքման հնարավորությամբ, Պարսից ծոցում խոցելի դաշնակիցների օտարմամբ և համաշխարհային տնտեսական հետագա ցնցման հեռանկարով։
Միևնույն ժամանակ, մարտական գործողությունների դադարը չի փարատել իրավիճակի հնարավոր վատթարացման վերաբերյալ մտահոգությունները։ Վերջին օրերին Պենտագոնը լրացուցիչ ուժեր է տեղափոխել տարածաշրջան՝ ցանկացած էսկալացիայի պատրաստվելու համար։ Ամերիկյան զինվորականները նաև վնասել կամ ոչնչացրել են մեծ թվով երկաթուղային կամուրջներ։
Սա տեղի է ունենում Թրամփի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից մի քանի օր առաջ։
Միևնույն ժամանակ, Թրամփը գլուխ է կոտրում, թե ինչպես գործել Իրանի դեմ իր գրեթե հնգամսյա պատերազմում, և մասնավորապես՝ ինչպես կրկին բացել Հորմուզի նեղուցը, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում մարտական գործողությունների վերսկսման ֆոնին բենզինի գները կրկին աճում են։ Դիվանագիտական ջանքերը ձախողվել են, և ԱՄՆ-ի վերջին լայնածավալ հարձակումների փուլն, ըստ ամենայնի, ռազմական առումով չի կանգնեցրել Իրանին։
Աղբյուրները նշում են, որ Թրամփի մերձավոր շրջապատից քչերն են էսկալացիայի ծրագիրը խելամիտ համարել։ Ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա կասկած է հայտնել, թե խոշոր մարտական գործողությունների վերսկսումը կստիպի Իրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ հարվածները տալիս են ուղիղ հակառակ արդյունքը, քան այն, ինչի վրա հույս ունեին․ դրանք նպաստում են Իրանի համախմբմանը և թույլ են տալիս իրանցի առաջնորդներին կենտրոնացնել ուշադրությունը արտաքին սպառնալիքի վրա։
Source: https://news.am/hy/news/1051741