Միացյալ Նահանգների ղեկավարությունը չի սպասում համաշխարհային շուկաներում նավթի գների մեծ թռիչքի՝ ԱՄՆ զինված ուժերի կողմից Իրանի տարածքին հասցվող հարվածների նոր ալիքի ընթացքում։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը։
Ինչպես նշել են պորտալի զրուցակիցները, ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմի գործողության ընթացքում Պարսից ծոցի երկրների նավթով բեռնված բավական մեծ թվով տանկերներ անցել են Օրմուզի նեղուցով։ Վաշինգտոնի հաշվարկներով՝ շուկա հասցրած նավթի ծավալը, ինչպես նաև ներկրող երկրների ընդհանուր հարմարվածությունը ստեղծված լարված իրավիճակին, պետք է մեղմեն Իրանի դեմ հարվածների հետևանքները բորսայական գների համար։ Սպիտակ տանը կարծում են, որ շուկայում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ին ավելի մեծ հնարավորություններ է տալիս էսկալացիայի համար։
Հուլիսի 9-ին լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի սեպտեմբերյան ֆյուչերսները վաճառվում էին մոտ 78,78 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ գնի աճը նախորդ առևտրային օրվա փակման պահի համեմատ կազմել է մոտ 0,76 դոլար։ Չորեքշաբթի օրվա առևտրի ընթացքում ֆյուչերսները թանկացել են 5,2%-ով՝ հասնելով 2026 թվականի հունիսի 19-ից ի վեր առավելագույն ցուցանիշներին։
Source: https://news.am/hy/news/1048814