Իտալիայի ֆինանսական գվարդիան (Guardia di Finanza, GdF) ավելի քան 2,6 տոննա կոկաին է առգրավել և ձերբակալել չորս անձի՝ Ատլանտյան օվկիանոսում Իսպանիայի և Պորտուգալիայի իշխանությունների մասնակցությամբ իրականացված խոշորամասշտաբ միջազգային գործողության ընթացքում, հայտնում է Euronews-ը:
Մեծածախ շուկայում խմբաքանակի արժեքը գնահատվում է մոտ 78 միլիոն եվրո:
«Նշանակման վայր հասցնելուց և մանրածախ վաճառքի համար հետագա լուծումից հետո այդ թմրամիջոցը կարող էր մոտ 500 միլիոն եվրոյի ընդհանուր շրջանառություն ապահովել»,- հայտնել է GdF-ն բեռի առգրավման մասին մամուլի հաղորդագրությունում:
Բրեշիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանային դատախազության համակարգվող հետաքննությունն ավարտվել է տպավորիչ դրվագով. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական հետախուզական ծառայությունը (SCICO) և Բրեշիայի ռազմաօդային-ծովային օպերատիվ հրամանատարության աշխատակիցները օվկիանոսում go fast տիպի գերարագ փչովի մոտորանավակ են որսացել: Նավամատույցում գտնվել են ենթադրյալ չորս թմրանյութ վաճառողներ՝ Իսպանիայի երկու, Ջիբրալթարի մեկ և Ալբանիայի մեկ քաղաքացի:
Source: https://news.am/hy/news/1051971