Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի արտաքին գործերի նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ և կոչ են արել անհապաղ ու ամբողջությամբ դադարեցնել կրակը։ Այս մասին հայտնում է dpa-ն։

«Մենք խորապես մտահոգված ենք, որ այս իրադարձությունները լուրջ վնաս են հասցնում հիմնական միջնորդների ընթացիկ ջանքերին և նվազեցնում երկխոսության ու դիվանագիտության միջոցով խաղաղ կարգավորման հեռանկարները»,- նշված է Մանիլայում ընթացող ամենամյա հանդիպման ժամանակ հրապարակված հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք արել բոլոր շահագրգիռ կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է ավելի սրել իրավիճակը»,- հավելել են նրանք։

Նախարարները նշել են, որ հակամարտությունը անմիջական և երկարաժամկետ հետևանքներ ունի տարածաշրջանի բնակչության, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի և պարենային անվտանգության համար։

Նրանք ընդգծել են «ծովային անվտանգության ու պաշտպանվածության, ինչպես նաև նավագնացության և թռիչքների ազատության» ապահովման կարևորությունը և կոչ են արել վերականգնել «Հորմուզի նեղուցով նավերի և ինքնաթիռների անվտանգ, անխափան ու անընդհատ տարանցիկ անցումը»։

Ասոցիացիայի կազմում ընդգրկված է 11 երկիր, այդ թվում՝ Ինդոնեզիան, Թաիլանդը, Մալայզիան և Սինգապուրը։

Source: https://news.am/hy/news/1050944