Իրանն արձանագրել է Միացյալ Նահանգների կողմից փոխըմբռնման հուշագրի առնվազն 42 էական խախտում։ Այս մասին նշված է նամակում, որը ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հասցեագրել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը փաստաթղթավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի կոպիտ ու էական խախտման 42 դեպք»,- ասված է փաստաթղթում։ Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ «գործնականում հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և մինչ օրս ԱՄՆ-ը» պարբերաբար խախտել է իր պարտավորությունները։

«ԱՄՆ-ն ագրեսոր է, այլ ոչ թե զոհ,- ընդգծվում է նամակում,- խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ միտումնավոր հարձակումները պատերազմական հանցագործություններ են և մարդկության դեմ հանցագործություններ»։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է անհապաղ դադարեցնել բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ընթացող մարտական գործողությունները։ Այնուհետև շվեյցարական Բյուրգենշտոկում Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ տեղի են ունեցել հուշագրի դրույթների կիրարկման շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը Միացյալ Նահանգները վերսկսել են Իրանի ուղղությամբ լայնամասշտաբ հարվածները՝ վերջինիս մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունների այն կետերը խախտելու մեջ, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցին։ Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հուլիսի 13-ին հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի անգամ չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը, և դրա չկատարման ողջ պատասխանատվությունն ընկնում է Վաշինգտոնի վրա։

Source: https://news.am/hy/news/1049889