ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան ձեռք են բերել քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում կարևոր համաձայնություն։ Այս մասին հայտնել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը, փոխանցում է Reuters-ը։

Համաձայնագիրը թույլ է տալիս Սաուդյան Արաբիային ամերիկյան տեխնոլոգիաներով կառուցել միջուկային ռեակտորներ և հարստացնել ուրան։

Քաղաքացիական միջուկային էներգետիկայի վերաբերյալ համաձայնագիրը մշակվել է տարիներ շարունակ՝ ինչպես Դոնալդ Թրամփի առաջին նախագահության, այնպես էլ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Սակայն մինչ այժմ այն չէր ստորագրվել, մասնավորապես այն մտահոգությունների պատճառով, որ կարող է Սաուդյան Արաբիայի համար ճանապարհ բացել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ։

Ի տարբերություն Բայդենի առաջարկած տարբերակի՝ ներկայիս համաձայնագիրը չի ներառում այսպես կոչված Լրացուցիչ արձանագրությունը, որը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հնարավորություն է տալիս իրականացնել անակնկալ ստուգումներ։

Համաձայնագիրը նաև թույլ կտա Սաուդյան Արաբիային հարստացնել ուրան և վերամշակել միջուկային թափոնները, ինչը տեսականորեն կարող է օգտագործվել նաև միջուկային զենքի ստեղծման նպատակով։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ այժմ համաձայնագիրը ներկայացվելու է Կոնգրեսի քննարկմանը։ Եթե Կոնգրեսը 90 աշխատանքային օրվա ընթացքում բավարար ձայներ չհավաքի դրա դեմ, համաձայնագիրը կմտնի ուժի մեջ։ Սակայն նախագահի վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի Կոնգրեսի անդամների երկու երրորդի աջակցությունը։

Source: https://news.am/hy/news/1051258