ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերն արդեն 12-րդ գիշերն անընդմեջ հարվածների հերթական փուլն են հասցրել Իրանին։

«Ամերիկյան զորքերը թիրախավորել են իրանական ռազմական օբյեկտները, այդ թվում՝ ծովային ենթակառուցվածքներ, հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ափամերձ հետախուզական կետեր և ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) միջոցներ։ Այս հարվածներն ավելի են թուլացնում խաղաղ նավաստիների և առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի կարողությունները։

Այս ամսվա ընթացքում ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի տարածքում գտնվող տասնյակ ռազմական օբյեկտների՝ միաժամանակ վերականգնելով Իրանի ծովային շրջափակումը։ Իրանական նավահանգիստներում նավերի մուտքն ու ելքն արգելափակելու նպատակով՝ Կենտրոնական հրամանատարությունն այսօրվա դրությամբ փոխել է ինն առևտրային նավերի երթուղին, իսկ մեկը՝ հանել շարքից։

Մերձավոր Արևելքում գործում է ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող, որոնք պահպանում են բարձր զգոնություն, կենտրոնացվածություն, մարտունակություն և գործողությունների համար պատրաստակամություն», — նշել են ԱՄՆ զինված ուժերում։

Ինչպես հայտնում է IRIB-ը, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Ահվազ, Էնդիմեշք, Ջասք և Սիրիկ քաղաքների շրջակայքին։

Բացի այդ, Իրան-Իրաք սահմանին գտնվող «Շալամչե» սահմանային անցակետի շրջանում ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 11 մարդ։

Իրանն, իր հերթին, հարվածներ է հասցրել Քուվեյթում, Հորդանանում և իրաքյան Էրբիլում գտնվող ամերիկյան օբյեկտներին։

Source: https://news.am/hy/news/1051249