Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով աճ են գրանցել. ներդրողների ուշադրության կենտրոնում եղել են գնաճի վերաբերյալ նոր տվյալներն ու ԱՄՆ-ում կորպորատիվ հաշվետվությունների նոր փուլի մեկնարկը։
Ինչպես երեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտը, երկրում սպառողական գները (CPI ինդեքսը) հունիսին տարեկան կտրվածքով աճել են 3,5%-ով։ Այսպիսով, գնաճը կտրուկ դանդաղել է նախորդ ամսվա 4,2%-ի համեմատ, երբ այդ ցուցանիշը հասել էր 2023 թվականի ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Trading Economics-ի հարցրած վերլուծաբանների կոնսենսուս-կանխատեսմամբ ակնկալվում էր գնաճի ավելի մեղմ դանդաղում՝ մինչև 3,8%։
Ամսական կտրվածքով գները նվազել են 0,4%-ով. սա առաջին անկումն է 2020 թվականի մայիսից ի վեր։
Այս տվյալները նվազեցնում են այն հավանականությունը, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) այս տարի կբարձրացնի բազային տոկոսադրույքները։
JPMorgan-ի շուկայական արժեքը սակարկությունների արդյունքներով աճել է 2,5%-ով, Bank of America-ինը՝ 1,9%-ով, Goldman Sachs-ինը՝ 9%-ով, մինչդեռ Citigroup-ի և Wells Fargo-ի բաժնետոմսերը նվազել են համապատասխանաբար 5,3%-ով և 2,7%-ով։ Նշենք, որ այս բոլոր բանկերը երեքշաբթի հրապարակել են եռամսյակային ուժեղ ֆինանսական հաշվետվություններ։
IBM-ի թղթերի գինը գահավիժել է ռեկորդային 25,2%-ով։ Կապիտալիզացիայի անկում են գրանցել նաև տեխնոլոգիական այլ հսկաներ. Oracle-ի շուկայական արժեքը նվազել է 2,7%-ով, Microsoft-ինը՝ 1,6%-ով, Apple-ինը՝ 0,8%-ով, իսկ CoreWeave-ինը՝ 4,1%-ով։ Փոխարենը՝ Nvidia-ն արձանագրել է 4,1% աճ, Tesla-ն՝ 0,4%, Advanced Micro Devices-ը (AMD)՝ 2,6%, Micron-ը՝ 4,9%, Meta-ն՝ 0,7%, Alphabet-ը՝ 2%, SK Hynix-ը՝ տպավորիչ 27,3%, SpaceX-ը՝ 2,2%, Amazon-ը՝ 0,1%, Broadcom-ը՝ 1,3%, CrowdStrike-ը՝ 12,1%, Dell Technologies-ը՝ 7,1%, իսկ Palo Alto Networks-ը՝ 6,8%։
Biogen դեղագործական ընկերության բաժնետոմսերն էժանացել են 8,2%-ով՝ Ալցհեյմերի հիվանդության դեմ իր նոր դեղամիջոցի փորձարկումների անհաջող արդյունքների պատճառով։
Արդյունաբերական Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 0,02%-ով՝ հասնելով 52,508.27 կետի։ Standard & Poor's 500-ի արժեքն ավելացել է 0,38%-ով՝ կազմելով 7,543.59 կետ։ Իսկ բարձր տեխնոլոգիական ընկերությունների Nasdaq Composite ինդեքսն աճել է 0,90%-ով և սակարկություններն ավարտել 26,107.01 կետի վրա։
Source: https://news.am/hy/news/1049890