ԱՄՆ հետախուզական համայնքը նշել է, որ թուրքական իշխանությունները փորձել են գաղտնի ազդեցություն գործել ամերիկացի քաղաքական գործիչների և երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքի վրա։ Այս մասին նշվել է ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի զեկույցում, որը գաղտնազերծվել և հուլիսի 16-ին հրապարակվել է Սպիտակ տան կողմից։

2020 թվականի օգոստոսով թվագրված փաստաթղթում նշվել է. «Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ [Թայիփ] Էրդողանը, կարծում են, որ ԱՄՆ կառավարության որոշ շրջանակներում արմատավորված են հակաթուրքական հայացքներ, և դրա հետ կապված՝ նրանք փորձում են գաղտնի ազդել Թուրքիայի նկատմամբ ամերիկացի քաղաքական գործիչների և քաղաքական պաշտոնների թեկնածուների դիրքորոշման վրա»։ Զեկույցում նաև ընդգծվել է. «Անցած տարվա ընթացքում Անկարայի ձեռնարկած քայլերից են մունիցիպալ ընտրություններում քարոզարշավների գաղտնի ֆինանսավորումը, չգրանցված լոբբիստական գործունեությունը և պետական լրատվամիջոցների կողմից սոցցանցերում նյութերի տարածումը»։

Նշված խորհուրդը մտնում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի կառուցվածքի մեջ, որը համակարգում է ամերիկյան բոլոր 18 հետախուզական գերատեսչությունների աշխատանքը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին հայտնել է, որ ԱՄՆ հետախուզության գաղտնազերծված տվյալները վկայում են այն մասին, որ երկրում քվեարկության համակարգերը «ծայրահեղ աստիճանի ենթակա են գրոհների ռիսկին»։

Source: https://news.am/hy/news/1050313