Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ավելի խորը ճգնաժամ է առաջացրել, քան դա կարող է թվալ հանրությանը։ Այդ մասին հայտնում է Ynet-ը։

Պարբերականի տվյալներով՝ Բաքվում այս քայլը համարում են «կարմիր գծի անցում»՝ ընդգծելով, որ Իսրայելը հաշվի չի առել Ադրբեջանի կողմից տարիների ընթացքում ցուցաբերված աջակցությունը և անհրաժեշտ զգայունություն չի ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում։

Ադրբեջանի ղեկավարությունը խորապես հիասթափված է ոչ միայն որոշման բովանդակությունից, այլև այն բանից, թե ինչպես է այն ընդունվել։ Աղբյուրների տեղեկություններով՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կապ է հաստատել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ միայն այն բանից հետո, երբ որոշումն արդեն հրապարակվել էր։ Բաքվում դա ընկալել են ոչ թե որպես երկխոսության փորձ, այլ որպես կատարված փաստի առաջ կանգնեցում։

Ադրբեջանում առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն, որ, Բաքվի կարծիքով, նույն կազմակերպությունները, որոնք Իսրայելին մեղադրում են Գազայի հատվածում ցեղասպանության մեջ, Ադրբեջանին էլ մեղադրում են «էթնիկ զտումների» մեջ։

Ադրբեջանցի պաշտոնյաները սպասում էին, որ Իսրայելը կձեռնպահ մնա այնպիսի քայլից, որն, իրենց կարծիքով, աջակցություն է ցուցաբերում հայկական դիրքորոշմանը, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանը, չնայած միջազգային ճնշմանը, Իսրայելի դեմ հանդես չի եկել Գազայի հատվածին, Լիբանանին և Իրանին վերաբերող հարցերում։

Ինչպես նշում է Ynet-ը, Բաքվում այժմ հարց են տալիս, թե ինչու Իսրայելը որոշեց վնաս հասցնել իր համար ամենաբարեկամ երկրներից մեկի հետ հարաբերություններին, որտեղ, ինչպես պնդվում է, հակասեմիտիզմը գործնականում բացակայում է։

Ադրբեջանական կողմը հույս ունի, որ ճգնաժամը չի խորանա, և հարցը չի հասնի Քնեսեթում քվեարկության կամ վերջնական հաստատման։

Source: https://news.am/hy/news/1048616