Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն Գերագույն ռադա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։ Նրա խոսքով՝ Գերագույն ռադան կառավարության ղեկավարի հրաժարականի հարցը կքննարկի առաջիկայում՝ ըստ սահմանված ընթացակարգի։ Ստեֆանչուկը շնորհակալություն է հայտնել Սվիրիդենկոյին «պետության համար արտակարգ դժվարին ժամանակաշրջանում» նախարարների կաբինետը ղեկավարելու համար՝ նշելով նրա ավանդը տնտեսության ամրապնդման, քաղաքացիների աջակցության և Եվրոպական Միությանն անդամակցելու ճանապարհին Ուկրաինայի առաջխաղացման գործում։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառավարությունում կադրային փոփոխություններ էր ազդարարել՝ հայտարարելով, որ երկիրն անցնում է նորացված քաղաքական ռազմավարության։ Նա նշել է, որ արտաքին քաղաքական յուրաքանչյուր առանցքային ուղղության համար պատասխանատու է լինելու մեծ փորձ ունեցող առանձին ղեկավար։ Որպես առաջնահերթություններ Զելենսկին նշել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, եվրոպական հակահրթիռային նախագծի զարգացումը, ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Ուկրաինայի առաջխաղացումը, փոխգործակցությունը հարևան պետությունների, դրանց թվում՝ Լեհաստանի և Հունգարիայի հետ, համագործակցությունը Մերձավոր Արևելքի երկրների, Չինաստանի և միջազգային կազմակերպությունների հետ։ Նախագահը միաժամանակ հայտարարել է ռազմաճակատամերձ և սահմանամերձ շրջաններում աշխատանքներն ուժեղացնելու, ձմռան նախապատրաստությունն ու պետական ընկերությունների բարեփոխումներն արագացնելու անհրաժեշտության մասին։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Սվիրիդենկոյին կառավարության ղեկին կատարած աշխատանքի համար և առաջարկել նրան գլխավորել «առանցքային գործընկերոջ հետ հարաբերություններում նոր նշանակալի ուղղությունը»։ Բացի դրանից, նա ազդարարել է կադրային փոփոխություններ իրավապահ մարմինների ղեկավարության կազմում։

Սվիրիդենկոն ուկրաինական կառավարությունը գլխավորել էր 2025 թվականի հուլիսի 17-ից։ Նախքան վարչապետ նշանակվելը նա 2021 թվականի նոյեմբերից զբաղեցնում էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, իսկ ավելի վաղ եղել է Նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալը։

Source: https://news.am/hy/news/1049616