Ղրիմի արևելքում գտնվող Կերչ քաղաքը հուլիսի 17-ի գիշերը ենթարկվել է ուկրաինական դրոնների հարձակմանը, հաղորդել է ուկրաինական «Կրիմսկի վետեր» մոնիթորինգային ռեսուրսը։ Գիշերը ժամը մեկի սահմաններում տեղի բնակիչները պատմել են Կերչի երկաթուղային կայարանի շրջանում «հզոր հարվածի» և հրդեհի մասին, որից հետո արբանյակները սկսել են գրանցել «հրդեհների բազմաթիվ օջախներ» կայարանի շրջանում, որը գտնվում է Ղրիմի կամրջից ոչ հեռու։ Ալիքի նախնական տվյալներով՝ հրդեհվել են պահեստները և, հավանաբար, «Կերչ» նավթաբազան, ինչպես նաև գծերի վրա գտնվող էշելոնները։ Առայժմ չհաստատված տեղեկությունների համաձայն՝ կրակը նաև ընդգրկել է կայարանի հարևանությամբ գտնվող «Կերչենսկայա» էլեկտրական ենթակայանը։
Կերչի դեմ գիշերային գրոհի մասին հայտնել է նաև ուկրաինական Exilenova+ ալիքը, որը հրապարակել է անօդաչուների թռիչքի տեսանյութերը։ Նշվել է, որ NASA FIRMS ծառայությունը հրդեհ է գրանցել երկաթուղային կայարանի շրջանում, որը խիստ ծանրաբեռնվել է թերակղզու երկաթուղային ենթակառուցվածքի դեմ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով։ Բացի այդ, ինչպես գրել է Supernova-ն, ուկրաինական դրոնները գիշերը հարվածել են ևս վեց ռուսական լցանավերի Սև ծովում։ Նախօրեին Ուկրաինայի Անօդաչու համակարգերի ուժերը (ԱՀՈւ) հայտարարել էին, որ հուլիսի 6-16-ը Ազովի և Սև ծովերում խոցվել է 147 ռուսական ստվերային նավ։
Նաև գիշերը, նախնական տվյալներով, Ուկրաինայի զինված ուժերի դրոնները հարձակվել են «Կոկտեբել» 110/35/6 կՎ պոմպակայանի և ենթակայանի վրա՝ համանուն ավանի մոտակայքում։ Այս շրջանում հրդեհ է գրանցվել։ Երկու օր առաջ Ղրիմի հյուսիսում, որը վաղուց արդեն ապրում է դրոնների և հրթիռների մշտական «հարվածների» պայմաններում, էլեկտրամատակարարման խափանումների ֆոնին հայտարարել էին բջջային կապի աշխատանքի սահմանափակման մասին՝ օրական 16 ժամ։ Սա առայժմ վերաբերում է միայն Ջանկոյ քաղաքին։
Source: https://news.am/hy/news/1050304