Եվրոպական միությունն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ներառելով ռուսական «VK» ընկերությունը, «Max» ազգային մեսենջերի իրավաբանական անձին, ինչպես նաև մշակող ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բագուդինային։ Համապատասխան որոշումը հրապարակվել է ԵՄ Պաշտոնական ամսագրում։

Սահմանափակումների կիրառումը Բրյուսելում բացատրել են նրանով, որ «VK»-ն հանդիսանում է «Max» ազգային մեսենջերը մշակած «Կոմունիկացիոն պլատֆորմ» ՍՊԸ-ի մայր ընկերությունը։

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև հենց ինքը՝ «Կոմունիկացիոն պլատֆորմ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է մեսենջերի օպերատորը։

Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում է ներառվել Ելենա Բագուդինան, ում Եվրամիությունն անվանում է «VK»-ի կառուցվածքում ընդգրկված «Կոմունիկացիոն պլատֆորմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն։

«VK»-ն ռուսական խոշորագույն ՏՏ ընկերություններից է և տնօրինում է մի շարք թվային հարթակներ, այդ թվում՝ «ВКонтакте» և «Одноклассники» սոցիալական ցանցերը, ինչպես նաև համացանցային այլ ծառայություններ։

Եվրամիության պատժամիջոցները նախատեսում են ԵՄ տարածքում ընկերությունների և ֆիզիկական անձանց ակտիվների սառեցում (դրանց հայտնաբերման դեպքում)։ Ֆիզիկական անձանց համար գործում է նաև Եվրամիության երկրներ մուտքի արգելք։

Source: https://news.am/hy/news/1049522