ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հերքել է լրատվամիջոցների այն հաղորդումը, թե Իրանն իրեն զգուշացրել է, որ իսլամական հանրապետության հետ բանակցություններին մասնակցող ամերիկացի ներկայացուցիչները ֆինանսական շահ ստանալու համար օգտագործում են ինսայդերային տեղեկատվություն։

«Սա բնավ չի համապատասխանում իրականությանը։ Ես երբեք նման հաղորդագրություն չեմ ստացել», — գրել է փոխնախագահը X-ում։ Այսպես է ԱՄՆ փոխնախագահը մեկնաբանել ամերիկյան Drop Site News պորտալի հրապարակումը։ Դրանում նշեվլ էր, որ հունիսին Շվեյցարիայում կայացած խորհրդակցությունների ընթացքում Իրանի ներկայացուցիչները զգուշացրել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները «չարաշահում» են բանակցություններին իրենց մասնակցությունը և «ավելի շատ շահագրգռված են ֆինանսական շուկաներում շահույթ ստանալու համար ինսայդերային տեղեկատվությունն օգտագործելու, քան գործարք կնքելու մեջ»։

«Եթե ես [նման հաղորդագրություն] ստացած լինեի, կասեի, որ Ջարեդն ու Սթիվը նախագահի [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] թիմի վստահելի անդամներն են և շատ մտերիմ ընկերները։ Ոչ ոք նրանցից ավելի շատ բան չի արել տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման համար։ Այն ենթադրությունը, թե նրանք առևտուր են անում ինսայդերային տեղեկատվության հիման վրա, անհեթեթ է», — հավելել է Վենսը։

Ինչպես նշվել հրապարակման մեջ՝ հղում կատարելով իրանցի պաշտոնյային, իսլամական հանրապետությունում կարծում են, որ Թրամփին մոտ կանգնած անձինք, հիմնականում Ուիթքոֆն ու Քուշները, «շուկայի մանիպուլյացիայի» միջոցով ստացել են մոտ 9 միլիարդ դոլար։ Իրանական կողմը նաև, իբր, մտահոգություն է հայտնել, որ Ուիթքոֆն ու Քուշները կազմակերպում են տեղեկատվության արտահոսք լրատվամիջոցներ և «գրեթե ամեն օր» զրուցում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ինչպես նաև «Մոսադ» հետախուզական ծառայության տնօրենի հետ։

Source: https://news.am/hy/news/1050292