Վենետիկում բողոքի նոր ցույցեր են բռնկվել ամերիկացի հերթական միլիարդատիրոջ ժամանման դեմ։ Այս անգամ դժգոհության պատճառ է դարձել ԱՄՆ գործարար Թիլման Ֆերտիտան, որին Դոնալդ Թրամփը նշանակել է Հռոմում ԱՄՆ դեսպան։
Վենետիկում սեփական զբոսանավով նրա կանգառն իրականացվում է ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված շրջագայության շրջանակներում։
Ինչպես հաղորդում է «DW»-ն, նախօրեին մոտ 300 մարդ է դուրս եկել Վենետիկի պատմական կենտրոնի առափնյա փողոցներ՝ ձեռքերում պահելով «Ֆերտիտան պետք է հեռանա», «Ամերիկա՛, հեռացի՛ր», «Վենետիկը չպետք է օգտագործվի» և «Միլիարդատերերն այստեղ տեղ չունեն» գրություններով պաստառներ։ Ցուցարարները «Ամո՛թ» են վանկարկել դեսպանի, քաղաքապետի և ոստիկանների հասցեին։ Բախումներ են տեղի ունեցել իրավապահների հետ, որոնք թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ զբոսանավին։
Ֆերտիտայի 117 մետր երկարությամբ և շուրջ 450 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը կանգնած է եղել Վենետիկի ծովալճակի երկայնքով գտնվող պատմական շենքերի ֆոնին։ Սիցիլիական արմատներով միլիարդատերը 11,3 միլիարդ դոլար կարողությամբ մտնում է Ամերիկայի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակի մեջ։ Նա ղեկավարում է ռեստորաններ, հյուրանոցներ ու կազինոներ, ինչպես նաև հյուսթոնյան բասկետբոլային թիմի սեփականատեր է։
Անցյալ տարի Վենետիկի բնակիչները բողոքել են «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի և հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի հարսանիքի դեմ, որը նույնպես կազմակերպվել էր իրենց քաղաքում։
Source: https://news.am/hy/news/1050500