Վարշավայում երկու կաստետ և մաչետեով զինված 29-ամյա տղամարդը հարձակվել է Կիբերհանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի աշխատակցի վրա, իսկ ավելի ուշ՝ ձերբակալման փորձի ժամանակ, վիրավորել է ևս երկու ոստիկանի, հաղորդում է RMF24-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Վավոզովա փողոցում գտնվող Կիբերհանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի շենքի մոտակայքում: Ծառայության մեկնող ոստիկանը ենթարկվել է հարձակման կռփազենքով զինված տղամարդու կողմից։
Հարձակվողը հարվածել է իրավապահ մարմնի աշխատակցի գլխին և փախուստի դիմել դեպքի վայրից։
Ավելի ուշ ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են «Կաբատի» մետրոյի կայարանի շրջանում և փորձել են ձերբակալել նրան: Գործողության ընթացքում տղամարդը կրկին հարձակվել է իրավապահների վրա։
«Ոստիկաններից մեկին կաստետով հարվածել են ոտքին, ինչի հետևանքով նա ավելի լուրջ վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց»,- հայտնել է Կիբերհանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի ներկայացուցիչը:
Ոստիկանության ևս երկու աշխատակից ստացել են թեթև վնասվածքներ։
Նախնական տվյալներով՝ տղամարդը չի փորձել հարձակվել կոնկրետ անձի վրա. նրա թիրախը եղել է կիբերհանցագործությունների դեմ պայքարով զբաղվող ստորաբաժանման աշխատակիցը։ Ձերբակալվածը պնդել է, թե իրեն հետևում են, և որ հատուկ ծառայությունները գաղտնալսում են իրեն։
Ոստիկանությունը պարզում է պատահարի բոլոր հանգամանքներն ու կասկածյալի գործողությունների դրդապատճառները։
Source: https://news.am/hy/news/1049183