Ծանր հրթիռակիրների պակասի, սահմանափակ ֆինանսավորման և ոլորտի զարգացման միասնական ռազմավարության բացակայության պատճառով եվրոպական երկրները կորցնում են տիեզերքի յուրացման գործում իրենց դիրքերը։ Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը։

Գործակալության գնահատմամբ՝ Եվրոպան զգալիորեն զիջում է տիեզերական ոլորտի համաշխարհային առաջատարներին, քանի որ չունի բավարար տեխնիկական հնարավորություններ մերձերկրյա ուղեծիր կանոնավոր արձակումներ իրականացնելու համար։

«Այս թեժացող մրցավազքում բացակայում է Եվրոպան, որը կանգ է առնում շահերի անհամաձայնության, ազգային բյուջեների սահմանափակության և տիեզերական տեխնոլոգիաների անհրաժեշտ բաղադրիչի՝ տարեկան բազմակի ուղեծրային թռիչքներ իրականացնելու համար բավարար քանակությամբ ծանր հրթիռակիրների պակասի պատճառով», — նշում է «Bloomberg»-ը։

Գործակալության տվյալներով՝ վերջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը տիեզերական ոլորտի զարգացման մեջ ներդրել են ավելի քան 200 միլիարդ դոլար, մինչդեռ եվրոպական ստարտափները կատարել են ընդամենը մի քանի արձակում՝ կենտրոնանալով հիմնականում բազմակի օգտագործման հրթիռների ստեղծման վրա։

Միևնույն ժամանակ, նման կրիչների փոքր բեռնատարողությունը սահմանափակում է դրանց կիրառման հնարավորությունները, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

Այս ֆոնին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պլանավորում է 2027 թվականին ուղեծիր դուրս բերել չորս փորձարարական արբանյակ, որոնք նախատեսված են հետախուզության և ռադիոէլեկտրոնային պայքարի համար։

Ինչպես նշում է «Bloomberg»-ը, տիեզերական ծրագրերի զարգացումն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ոչ միայն քաղաքացիական նախագծերի, այլև ազգային անվտանգության ապահովման համար։

Ավելի վաղ Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավար Յոզեֆ Աշբախերը կոչ է արել արագացնել սեփական բազմակի օգտագործման հրթիռակրի մշակումը, ինչը Եվրոպային թույլ կտա մեծացնել տիեզերական արձակումներում ունեցած անկախությունը։ Բացի այդ, գերմանական «Rheinmetall» կոնցեռնը «OHB» ընկերության հետ համատեղ բանակցություններ է վարում ռազմական արբանյակային խմբավորում ստեղծելու շուրջ, իսկ Բունդեսվերը դիտարկում է ուղեծրում մինչև 1,2 հազար կապի և հետախուզական արբանյակներ տեղակայելու հնարավորությունը։

Source: https://news.am/hy/news/1049527