Թուրքիայի Բաթման քաղաքի Գյունեյքենտ շրջանի քաղաքային գերեզմանատան տարածքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) շրջանային մասնաճյուղի ղեկավար կազմի անդամ Մեհմեդ Դիրեքը, նրա որդին՝ Էրջանը, և եղբորորդին՝ Բեքիրը։ Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը։
«Անհայտ անձը կամ անձանց խումբը կրակ է բացել Մեհմեդ Դիրեքի, նրա որդու և եղբորորդու ուղղությամբ։ Բոլոր երեքն էլ տեղում մահացել են»,- նշվում է հրապարակման մեջ։
Հաղորդվում է, որ պատահարից հետո ոստիկանության աշխատակիցները շրջափակել են տարածքը և իրենց վերահսկողության տակ վերցրել բոլոր մուտքերն ու ելքերը։ Հարձակվողների ինքնությունն ու դրդապատճառներն այս պահին դեռևս պարզված չեն։
«Անցկացվում է հարակից տարածքների տեսախցիկների ձայնագրությունների վերլուծություն, ինչպես նաև տեխնիկական ու տեղանքի ուսումնասիրություններ՝ հանցագործների փախուստի երթուղին պարզելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Source: https://news.am/hy/news/1051826