Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ առաջիկայում կայցելի Ուկրաինա՝ քննարկելու հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները:
TRT հեռուստաալիքի եթերում Ֆիդանը հայտարարել է, որ ավելի վաղ բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրավիճակի կարգավորմանն առնչվող հարցեր:
«Ես փոխանցեցի մեր նախագահի ուղերձները։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որին պետք է մասնակցեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարևոր էր հասկանալ պարոն Պուտինի դիրքորոշումը»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Ըստ Ֆիդանի՝ Էրդողանը ուկրաինական հարցը քննարկել է նաև եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահի հետ։ Այդ շփումներից հետո թուրքական առաջնորդը դիվանագետներին կրկին հանձնարարել է շարունակել աշխատանքը խաղաղ գործընթացի թեմայով:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Կիև կատարելիք այցի ընթացքում մտադիր է նմանատիպ խորհրդակցություններ անցկացնել ուկրաինացի ներկայացուցիչների հետ:
Source: https://news.am/hy/news/1049144