Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ից վեց միավոր F-35 կործանիչ ստանալ առաջնային մատակարարման շրջանակում, եթե նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկի Անկարայի կողմից այս ժամանակակից մարտական ինքնաթիռների ձեռքբերման արգելքը: Դրա մասին Bloomberg գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ թուրք պաշտոնյաները:

Թեև խոսքն ավելի քիչ քանակությամբ ինքնաթիռների մասին է, քան այն շուրջ 40 կործանիչները, որոնց հույսն ավելի վաղ ուներ Թուրքիան, նման գործարքը լուրջ աշխարհաքաղաքական հաջողություն կլիներ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար և կարող էր մտահոգություն առաջացնել Արևելյան Միջերկրական ծովում ԱՄՆ-ի մյուս դաշնակիցների, դրանց թվում՝ Իսրայելի և Հունաստանի շրջանում:

Թրամփը Անկարայում է՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և երեքշաբթի երկկողմ հանդիպում է անցկացրել Էրդողանի հետ: ԱՄՆ նախագահը, որը բազմիցս դրական է արտահայտվել թուրք առաջնորդի մասին, հայտարարել է Անկարայի կողմից բազմամյա ճնշումներից հետո Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները հանելու պատրաստակամության մասին:

Թուրքիան արդեն ԱՄՆ-ին վճարել է 1,4 միլիարդ դոլար վեց F-35 կործանիչների համար, որոնք ներկայում պահվում են ԱՄՆ տարածքում: Ըստ աղբյուրների՝ սահմանափակումների հանման դեպքում Անկարան կկարողանա արագորեն ստանալ այդ ինքնաթիռները:

Lockheed Martin ընկերության արտադրության F-35 կործանիչները համարվում են աշխարհում ամենակատարելագործված մարտական ինքնաթիռներից մեկը և իրենց հնարավորությունների շնորհիվ հաճախ անվանվում են «հրամանատարական կետ երկնքում»: ԱՄՆ-ը խստորեն սահմանափակում է այն երկրների շրջանակը, որոնց թույլատրվում է դրանց վաճառքը: Ներկայում Իսրայելը մնում է Մերձավոր Արևելքի միակ երկիրը, որը շահագործում է F-35-ները, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին շաբաթներին հայտարարում էր, որ Թուրքիան չպետք է ստանա այդ ինքնաթիռները: Հունաստանը ևս մտահոգություն է հայտնում Անկարայի ռազմական հավակնությունների վերաբերյալ:

Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ այն բանից հետո, երբ շուրջ տասը տարի առաջ Անկարան ձեռք բերեց ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրը: Դա հակամարտություն առաջացրեց ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ, որոնք մտավախություն ունեին, որ Ռուսաստանը կարող է հասանելիություն ստանալ կարևոր տեղեկությանը, եթե Թուրքիան С-400-ն օգտագործի F-35-ների հետ միասին:

ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է հրաժարվել С-400 համակարգից՝ F-35 ծրագիր վերադառնալու համար: Ըստ աղբյուրների՝ Անկարան դիտարկում է փոխզիջման հնարավորություն, որի դեպքում Վաշինգտոնը կստանա համակարգի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն, իսկ ինքը՝ Թուրքիան, այն կպահի իր զինանոցում՝ անվտանգությանը սպառնացող բացառիկ դեպքերում օգտագործելու համար:

Միաժամանակ, մատակարարումների վերսկսման համար դեռևս լուրջ խոչընդոտներ են մնում, իսկ ԱՄՆ Կոնգրեսը կարող է արգելափակել ինքնաթիռների փոխանցումը: Ընդսմին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ներկա որոշ ամերիկացի սենատորներ արդեն իրենց աջակցությունն են հայտնել հնարավոր համաձայնագրին:

Նյու Հեմփշիրից դեմոկրատ սենատոր Ջին Շահինը հայտարարել է, որ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին «դրական զարգացում» կլիներ, եթե գտնվի ընդունելի տարբերակ ռուսական С -400-ի և կործանիչի տեխնոլոգիաների համար առկա սպառնալիքների հարցը լուծելու համար: Հարավային Դակոտայից հանրապետական սենատոր Մայք Ռաունդսը ևս աջակցել է այդ հնարավորությանը՝ նշելով Թուրքիայի կարևոր դերը՝ որպես ՆԱՏՕ-ի խոշոր մասնակցի:

Թուրքիային F-35-ների մատակարարման հարցը, ըստ ամենայնի, պետք է քննարկվեր ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի՝ Իսրայել կատարած այցի ժամանակ, սակայն նրա ուղևորությունն անհայտ պատճառներով չեղարկվել էր:

Դրան զուգահեռ, Թուրքիան զարգացնում է սեփական բազմամակարդակ հակաօդային պաշտպանության համակարգը, որը ստացել է «Պողպատե գմբեթ» անվանումը: Այդ նախագծի շրջանակում Անկարան փորձում է Ֆրանսիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերել ֆրանս-իտալական SAMP/T համալիրի գնման շուրջ:

Այդ ջանքերն ակտիվացել են, երբ Իրանը վերջին ամիսներին մի քանի հրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ Իսլամական Հանրապետության վարած պատերազմի ընթացքում: Հրթիռների որսման համար ներգրավվել էին ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ուժերը:

Էրդողանը ձգտում է Թուրքիան ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից՝ 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժման և Մերձավոր Արևելքում Իրանի մասնակցությամբ նոր հակամարտությունների ֆոնին, ընդգծում է գործակալությունը:

Անկարան պնդում է, որ այդ ճգնաժամերն անհրաժեշտ են դարձնում ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտպանական ոլորտների ավելի սերտ ինտեգրումը Թուրքիայի հետ:

Source: https://news.am/hy/news/1048653