Ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը համաձայն է այն գնահատականների հետ, ըստ որոնց՝ մի շարք պետություններ, ներառյալ Իսրայելը, փորձեր են ձեռնարկում ազդելու ԱՄՆ-ում հասարակական կարծիքի վրա: Դրա մասին լրագրողների համար անցկացված հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:

«Ես կարծում եմ, որ նախագահը միանշանակ կհամաձայներ, որ օտարերկրյա պետությունները որոշակիորեն փորձում են ազդել ԱՄՆ-ում հասարակական կարծիքի վրա: Այդ հարցում ոչ մի կասկած չկա, դա բազային փաստ է»,- հայտարարել է Լևիթը՝ ի պատասխան ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին:

Ավելի վաղ Վենսը ամերիկյան կատակերգու և հաղորդավար Ջո Ռոգանի փոդքաստում հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունում կան մարդիկ, որոնք «մանիպուլացնում են ԱՄՆ-ում հասարակական կարծիքը և փորձում են այնպես փոխել այն, որ պատերազմն անվերջ շարունակվի»: Ըստ նրա՝ իսրայելական ղեկավարության այդ ներկայացուցիչներին դուր չի գալիս Իրանի հետ ԱՄՆ-ի հնարավոր գործարքը:

Source: https://news.am/hy/news/1050256