Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Թբիլիսիում Ադրբեջանի 20-ամյա քաղաքացի Ֆաթիմա Քերիմովայի դիտավորյալ սպանության մեջ կասկածվողին, հաղորդում է Грузия Online-ը։ Քննության վարկածով՝ հանցագործությունը կատարել է նրա զարմիկը՝ Էմին Ալիևը, իսկ դրդապատճառը եղել է գենդերային անհանդուրժողականությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության քննության տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 3-25-ը Ալիևը պարբերաբար սահմանափակել է Քերիմովայի ազատությունը և վերահսկել նրա առօրյա կյանքը։ Քննությունը պնդում է, որ նա արգելել է աղջկան շփվել հարազատների ու այլ մարդկանց հետ, սահմանափակել է նրա՝ տնից դուրս գալու և ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունը։

Իրավապահների վարկածով՝ Քերիմովան փորձել է լքել վարձակալած բնակարանը, որտեղ նրանք համատեղ բնակվում էին, սակայն չի կարողացել դա անել առանց Ալիևի թույլտվության։ Ինչպես պնդում է քննությունը, նա ինքն է որոշել, թե աղջիկը երբ կարող է դուրս գալ տնից, ում հետ շփվել և նույնիսկ երբ է նրան թույլատրված սնունդ ընդունել։ Դատախազությունը կարծում է, որ այս կերպ կասկածյալը փորձել է կնոջ նկատմամբ անօրինական գերակայություն հաստատել։

Քննությունը պարզել է, որ հունիսի 25-ի երեկոյան՝ 22:00-ի սահմաններում, Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի Եվգենյա Մաիսուրաձե փողոցի բնակարանում Ալիևը խեղդամահ է արել Քերիմովային։ Դատախազության վարկածով՝ սպանության պատճառ է դարձել թշնամանքը տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքի նկատմամբ։

Մեղադրանքն առաջադրվել է հեռակա կարգով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «տ» ենթակետով (սպանություն՝ կատարված տղամարդու և կնոջ իրավահավասարության նկատմամբ անհանդուրժողականության դրդապատճառով)։ Սույն հոդվածը նախատեսում է պատիժ մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։ Մոտ ժամանակներս դատախազությունը մտադիր է դիմել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։ Նաև Էմին Ալիևի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի։

Ֆաթիմա Քերիմովային հունիսի 26-ին մահացած են գտել Թբիլիսիի վարձակալած բնակարանում։ Զոհվածի հարազատներն ու իրավապաշտպաններն ավելի վաղ հայտարարել էին, որ հանցագործությունը կարող էր կապված լինել այսպես կոչված «պատվի սպանության» հետ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ կատարվածից հետո կասկածյալը լքել է Վրաստանը և ձերբակալվել Թուրքիայի տարածքում։

Source: https://news.am/hy/news/1048440