Թայվանի իշխանությունները հայտարարել են խոշոր քաղաքներում և որոշ գավառներում դպրոցների և պետական գրասենյակների փակման մասին՝ «Բավի» սուպերթայֆունի մոտենալու ֆոնին։ Ինչպես հաղորդել է Focus Taiwan լրատվական պորտալը, այս միջոցները վերաբերում են Թայբեյ, Նոր Թայբեյ, Ցզիլուն, Տաոյուան, Սինչժու, Թայչժուն քաղաքներին, ինչպես նաև կղզու հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան հատվածների որոշ գավառների։
Ավելի վաղ Թայվանի Կենտրոնական օդերևութաբանական վարչությունը (CWA) պաշտոնական նախազգուշացում էր տարածել «Բավի» սուպերթայֆունի մոտենալու մասին, որը, ինչպես սպասվում է, հուլիսի 10-ի երեկոյան կմոտենա կղզու հյուսիսային մասին։ Թայֆունի կենտրոնն առավոտյան գտնվում էր Թայվանից մոտ 700 կմ հարավ-արևելք և շարժվում էր հյուսիս-արևմուտք՝ 25 կմ/ժ արագությամբ։ Փոթորկի շառավիղը կազմում է մոտ 380 կիլոմետր։ Գերատեսչության տեղեկություններով՝ թայֆունի ազդեցությունը Թայվանում կզգացվի ուրբաթ երեկոյից մինչև կիրակի ներառյալ։
Նշվել է, որ «Բավին» իր հետ բերում է մինչև 50 մ/վ արագությամբ քամի։ Օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ ենթադրվում է, որ թայֆունը նաև մինչև 900 միլիմետր տեղումներ կբերի հյուսիսային Թայվանի լեռնային շրջաններ, իսկ հարթավայրային շրջաններում կարող են տեղալ մինչև 500-700 միլիմետր տեղումներ։ Բացի այդ, իշխանությունները նախազգուշացրել են Պինդուն, Իլան, Հուալյան և Թայդուն գավառների առափնյա շրջաններում 6 մետրից ավելի բարձր ալիքների մասին։ Բոլոր նավերին խորհուրդ է տրվել ծով դուրս չգալ։
Source: https://news.am/hy/news/1049077