Ճապոնիայի խորհրդարանի առանցքային՝ ստորին պալատը հավանություն է տվել կայսերական ընտանիքի մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որը միտված է գահաժառանգության ճգնաժամի լուծմանը։ Քվեարկության ընթացքում պատգամավորների մեծ մասը հավանություն է տվել փաստաթղթին։
Ներկայում կայսր Նարուհիտոն ունի ընդամենը երեք ժառանգ՝ նրա կրտսեր եղբայրը՝ 60-ամյա թագաժառանգ արքայազն Ֆումիհիտոն, 19-ամյա եղբորորդին՝ Հիսահիտոն, և հորեղբայրը՝ 90-ամյա արքայազն Հիտատին։ Այս առնչությամբ վերջին տարիներին աճում է մտահոգությունը կայսերական գահի կայուն իրավահաջորդության պահպանման հնարավորության վերաբերյալ։
Ավելի վաղ խորհրդարանի երկու պալատների խոսնակները կառավարությանը փոխանցել էին 1947 թվականի կայսերական ընտանիքի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ երկու առաջարկ, որոնք թույլ են տալիս գահը ժառանգել բացառապես արական գծով։ Դրանցից առաջինն առաջարկում է պահպանել կարգավիճակը կայսերական ընտանիքի կանանց և աղջիկների համար՝ հասարակ ծագում ունեցող անձանց հետ ամուսնանալուց հետո։ Մյուս առաջարկը ենթադրում է թույլ տալ կայսերական ընտանիք ընդունել այսպես կոչված կայսերական ընտանիքի 11 կրտսեր կողմնակի ճյուղերի տղամարդկանց, որոնք 1947 թվականին զրկվել էին այդ կարգավիճակից։
Այս առաջարկների հիման վրա կառավարությունը պատրաստել է օրինագիծը։ Կանանց մասով նշվել է, որ ամուսնությունից հետո նրանք, իրենց որոշմամբ, այնուամենայնիվ կարող են լքել կայսերական ընտանիքը, սակայն նրանց ամուսինների և երեխաների վերաբերյալ դրույթները չեն հստակեցվել։ Իսկ կայսերական ընտանիք տղամարդկանց ընդունելու հարցում նշվել է, որ դա վերաբերում է միայն այն 11 կողմնակի ճյուղերին, որոնք 1947 թվականին զրկվել են կարգավիճակից։ Բացի այդ, նրանք պետք է լինեն առնվազն 15 տարեկան։ Նրանք գահը ժառանգելու իրավունք չեն ունենա, սակայն այդ իրավունքը կունենան նրանց որդիները։
Source: https://news.am/hy/news/1049037