Սուդանի կառավարությունը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրի մեծ մասին, սակայն պնդում է ապստամբների «Արագ արձագանքման ուժերի» (ԱԱՈւ) ստորաբաժանումների ամբողջական դուրսբերումն իրենց վերահսկողության տակ գտնվող բոլոր քաղաքներից: Դրա մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով փաստաթղթերին և սուդանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին:
Ամերիկյան նախաձեռնությունը նախատեսում է անհապաղ հումանիտար հրադադար 90 օր ժամկետով, երկարաժամկետ հրադադարի շուրջ բանակցությունների մեկնարկ, այնուհետև անցում քաղաքացիական քաղաքական գործընթացի՝ մինչև ընտրությունների անցկացումը: Ծրագիրը ենթադրում է նաև միասնական ազգային բանակի ձևավորում և զինված ու ծայրահեղական խմբավորումների բացառում երկրի քաղաքական կյանքից։
Reuters-ի տվյալներով՝ Սուդանի իշխանությունները պաշտպանում են առաջարկի շատ դրույթներ, սակայն դեմ են այն կետին, որը նախատեսում է «Արագ արձագանքման ուժերի» մասնակի դուրսբերում առանձին շրջաններից, ներառյալ՝ Հյուսիսային Դարֆուրը և Հյուսիսային Կորդոֆանը, ՄԱԿ-ի մասնակցությամբ միջազգային մեխանիզմի վերահսկողության ներքո:
Կառավարությունը պահանջում է, որ «Արագ արձագանքման ուժերն» ամբողջությամբ լքեն բոլոր այն քաղաքները, որոնք զբաղեցրել են 2023 թվականի մայիսի 11-ից հետո։
Սուդանում հակամարտությունը սկսվել է 2023 թվականի ապրիլին՝ Ինքնիշխան խորհրդի ղեկավար և բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի» ղեկավար Մուհամմեդ Համդան Դագալոյի միջև դիմակայության պատճառով: Մայրաքաղաք Խարթումում սկսված մարտերը շուտով տարածվեցին երկրի այլ շրջաններում ևս:
Միջազգային կազմակերպությունների գնահատականներով՝ զինված հակամարտության հետևանքով զոհվել է մոտ 60 հազար մարդ, իսկ շուրջ 14 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը։
Source: https://news.am/hy/news/1049134