ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձն իր համաքաղաքացիներին նվիրված է լինելու ընտրություններին օտարերկրյա ենթադրյալ միջամտությանը: Դրա մասին լրագրողների համար անցկացված հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:
«Արևելյան ափի ժամանակով 21:00-ին նախագահ Թրամփը հանդես կգա մեծ ուղերձով՝ ուղղված համաքաղաքացիներին, որը նվիրված կլինի մեր ընտրությունների անձեռնմխելիության պաշտպանությանը, և մենք կոչ ենք անում բոլոր ամերիկացիներին դիտել այն»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում ազդարարել էր համաքաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձի մասին, սակայն իր ելույթի թեման չէր հստակեցրել: Ինչպես հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին, Թրամփն իր հեռուստաուղերձում մտադիր է հանդես գալ պնդմամբ, որ Չինաստանն, իբր, միջամտել է ԱՄՆ ընտրությունների ընթացքին: MS Now հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ամերիկյան առաջնորդի ելույթը, մասնավորապես, վերաբերելու է 2020 թվականի ամերիկյան ընտրություններին օտարերկրյա միջամտությանը:
Source: https://news.am/hy/news/1050250