Իր հաջորդ բիզնեսի համար գաղափարներ փնտրելիս՝ Սան Ֆրանցիսկոյից ձեռնարկատեր Սանկետ Պատակը ցանկանում էր գտնել մի գաղափար, որն ընդունակ կլիներ փոխել ապագան: Ի վերջո, նա կանգ առավ զենքով հանդերձված մարդանման ռոբոտների ստեղծման վրա:
Մայիսին նրա Foundation ընկերությունը հրապարակեց կադրեր, որոնցում նրանց էլեգանտ Phantom ռոբոտը լիցքավորում է ականանետը: Տեսանյութում ռոբոտը տեղաշարժվում է զգուշությամբ, սակայն Պատակը պնդում է, որ հստակ տեսնում է ինքնավար զենքի ապագան, որտեղ ռոբոտները կկարողանան կայծակնային որոշումներ ընդունել անմիջապես մարտի դաշտում, գրում է The Washington Post-ը:
Foundation ընկերության գործարկումը 2024 թվականին արմատական քայլ էր՝ հաշվի առնելով ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների տարիների դիմադրությունը՝ հարձակման որոշումները առանց մարդու հաստատման ինքնավար սարքերին վստահելու գաղափարին, ինչպես նաև սեփական ստեղծագործությունները չզինելու ռոբոտաշինության այլ առաջատար ընկերությունների խոստումները:
Ընդսմին, Պատակը Սիլիկոնային հովտի հիմնադիրների, ներդրողների և ազգային անվտանգության փորձագետների այն ավելի ու ավելի բարձրաձայնող խմբի մի մասն է, որոնք ինքնավար զենքերի մեջ տեսնում են ոչ թե գիտական ֆանտաստիկայի վախենալու «ռոբոտ-մարդասպաններին», այլ ռազմական գործի կենսականորեն կարևոր նոր սահմանագիծ: Նրանց կարծիքով՝ ռոբոտները կարող են բարձրացնել մարտական գործողությունների ճշգրտությունը՝ պաշտպանելով ինչպես խաղաղ բնակիչներին, այնպես էլ դաշնակից զորքերը, ինչպես նաև հնարավորություն կտան Ամերիկայի Միացյալ Նահանգներին զսպել արտաքին հակառակորդներին:
«Չի կարելի շարունակ կառչած մնալ այն դիրքորոշումից, թե մենք չենք զինելու ռոբոտներին, որովհետև ուրիշ ոչ ոք այդ մոտեցումը չի կիսում,- ասում է Պատակը: — Չինաստանը չի կիսում այդ մոտեցումը: Ռուսաստանը՝ նույնպես»:
Արհեստական բանականության արագորեն աճող հնարավորությունները՝ Պենտագոնում նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված Թրամփի վարչակազմի քաղաքականության հետ համատեղ, երբեմնի տեսական քննարկմանը առանձնահատուկ սրություն են հաղորդել: Ամերիկացի զինվորականներն արդեն հրապարակավ պարծեցել են նրանով, թե ինչպես է ԱԲ գործիքների օգտագործումը հնարավորություն տվել արմատապես մեծացնել Իրանին հասցվող հարվածների տեմպը, ինչպես նաև հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար կիրառվող բարձր ավտոմատացված համակարգերով:
Հաջորդ քայլը կլինի այնպիսի դրոնների և ռոբոտների ստեղծումը, որոնք սկզբնապես ակտիվացում է մարդը, սակայն այնուհետև լիակատար ազատություն են ստանում՝ ինքնուրույն ընտրելու և գրոհելու առանձին թիրախներ:
ԱՄՆ Սենատը դիտարկում է ազգային անվտանգության մասին լայնածավալ օրինագիծ, որը կոչված է խթանելու ինքնավար ռազմական համակարգերի օգտագործումը և միաժամանակ սահմանելու կարգավորող շրջանակներ այս տեխնոլոգիայի համար: Պաշտպանության նախարարությունը, կատարելով նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, մահաբեր ուժ կիրառելու ընդունակ ԱԲ համակարգերի տեղակայման վերաբերյալ իր ներքին հրահանգների թարմացման փուլում է:
Սակայն այս տարի ՄԱԿ-ում ընթացող բանակցությունների ժամանակ ամերիկացի պաշտոնյաները զգուշացրել են գլոբալ ստանդարտների ներդրումից, որոնք կարող են զսպել նորարարությունները՝ հայտարարելով, որ ԱԲ-ն և ավտոմատացումը ընդունակ են «ուժի կիրառումը դարձնել ավելի ճշգրիտ և ընտրողական»:
«Մարդկային դատողություններն ու վերահսկողությունը զինված հակամարտության պայմաններում հաճախ կատարյալ չեն, նույնիսկ երբ դրանք ֆորմալ առումով համապատասխանում են օրենքին: Խումբը չպետք է մշակի ստանդարտներ, որոնք խարանում են նորարարությունները և խոչընդոտում տեխնոլոգիական առաջընթացին»,— նիստի տեսագրության համաձայն հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը:
Շատ քննադատների համար այդ արագընթաց ճնշումը ներկայացնում է ԱԲ-ի ամենավտանգավոր կիրառություններից մեկը: Կրոնական առաջնորդները, դիվանագետները և իրավապաշտպան խմբերը՝ ռոբոտաշինության և ԱԲ առաջատար բազմաթիվ մասնագետների հետ մեկտեղ, տեսնում են շատ ավելի մռայլ ապագա, որտեղ պատերազմը վերջնականապես դուրս է գալիս վերահսկողությունից:
Հռոմի Լևոն XIV Պապը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը վերջերս հանդես են եկել ինքնավար սպառազինությունների մշակման դեմ: Այս ամիս Գուտերիշը կոչ արեց արգելել նման համակարգերը միջազգային իրավունքի մակարդակով՝ բուն գաղափարը, որ ռոբոտները կարող են խլել մարդկային կյանքեր, անվանելով «բարոյապես զզվելի»:
«Որոշ որոշումներ ընդմիշտ պետք է մնան մարդուն,- Ժնևում իր ունեցած ելույթում հայտարարել է Գուտերիշը:- Եվ ամենից առաջ՝ մարդուն կյանքից զրկելու որոշումը»։
Source: https://news.am/hy/news/1050771