Բրիտանական էներգետիկ «Shell» ընկերությունը 1,8 միլիարդ դոլարով հնդկական «Aditya Birla Renewables» ընկերությանն է վաճառել Հնդկաստանում քամու և արևային էներգետիկայի իր բիզնեսը։ Գործարքն իրականացվել է նավթագազային ոլորտի վրա վերակողմնորոշվելու ռազմավարության շրջանակներում։ Այս մասին հայտնել է «Financial Times» պարբերականը։
Թերթի տվյալներով՝ նավթագազային հսկան շարունակում է կրճատել ներդրումները վերականգնվող էներգիայի աղբյուրներում և կենտրոնանում է առավել շահութաբեր ուղղությունների վրա։
«Shell»-ի վերամշակման, վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգետիկ լուծումների ստորաբաժանման ղեկավար Մախտելդ դե Հաանի խոսքով՝ ընկերությունն օպտիմալացնում է իր էլեկտրաէներգետիկ պորտֆելը և կառուցում ավելի մրցունակ բիզնես։
Ավելի վաղ «Shell»-ի գործադիր տնօրեն Վաել Սավանը հայտարարել էր, որ նավթի համաշխարհային շուկայում գոյացել է 1 միլիարդ բարելի «դեֆիցիտային փոս», որն օրեցօր խորանում է։ Նրա ձևակերպմամբ՝ նման իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ այդ բարելները «արգելափակված են եղել և չեն արդյունահանվել»։ Սավանը հավելել է, որ դա արդեն իսկ հստակ նկատելի է նավթավերամշակման համալիրի օրինակով։
Source: https://news.am/hy/news/1049679