ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային կարողությունների ոչնչացումը համարում է «կարևոր ողջ աշխարհի համար», իսկ ԱՄՆ-ի նոր հարվածները՝ «լիովին արդարացված»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ՝ դաշինքի գագաթնաժողովի լիագումար նիստի բացումից առաջ Անկարայում։
«Մենք երեկ քննարկել ենք Իրանը։ Նրա միջուկային կարողությունների ոչնչացումը, որն իրականացնում են ԱՄՆ-ը, կարևոր է Իսրայելի, տարածաշրջանի և ողջ աշխարհի համար»,- ասել է Ռյուտտեն։
Նա նաև հայտարարել է, որ, ՆԱՏՕ-ի կարծիքով, ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ հարվածների նոր ալիքը «բացարձակապես անհրաժեշտ է»։
Ռյուտտեն «մեկուսացված դեպք» է անվանել այն իրավիճակները, երբ ՆԱՏՕ-ի երկրները ԱՄՆ-ին չեն թույլատրել օգտագործել իրենց բազաները Իրանի դեմ հարվածների համար։ Նրա խոսքով՝ 5 հազար թռիչք է իրականացվել ՆԱՏՕ-ի երկրների բազաներից, օրինակ՝ «Բուխարեստի օդանավակայանը երկու օր փակվել էր առևտրային երթևեկության համար»։
Այս պահին Թրամփը ընդհատել է Ռյուտտեին՝ նշելով, որ Մեծ Բրիտանիան և Իսպանիան ԱՄՆ-ին թույլ չեն տվել օգտագործել իրենց բազաները, սակայն Ռյուտտեն փորձել է վերջին խոսքը իրենը պահել՝ Թրամփին ասելով, որ միայն նրա շնորհիվ Իսպանիան և Մեծ Բրիտանիան ավելացրել են իրենց ռազմական ծախսերը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև կրկնել է իր առևտրային հնարքը՝ հայտարարելով, որ «ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանության վրա 1 տրլն-ով ավելի կծախսեն», և այդ պատճառով ինքն «այդ գումարը անվանում է Թրամփի տրիլիոն»։
Source: https://news.am/hy/news/1048572