Ռուսական նավթային ընկերությունները դիմել են հնդկական նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ)՝ խնդրելով ավելացնել Ռուսաստանին տրամադրվող բենզինի մատակարարումները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։

Հնդկական բենզինի առնվազն մեկ խմբաքանակ արդեն առաքվում է դեպի Ռուսաստան, և դրան կհետևեն նորերը։ Սակայն ռուսական նավթային ընկերությունները խնդրում են ավելի մեծ ծավալներ, քանի որ կորցրել են իրենց նավթավերամշակման հզորությունների շուրջ 40%-ը, հայտնում են գործակալության զրուցակիցները։

Նրանց փոխանցմամբ՝ հնդիկ գործընկերներին դիմել են «Ռոսնեֆտ» և «Գազպրոմ նեֆտ» ընկերությունները։ Առաջինը հուլիսին զրկվել է Սիզրանի և Սարատովի նավթավերամշակման գործարաններից, որոնք դադարեցրել են իրենց արտադրությունը ԱԹՍ-ների հարձակումներից հետո։ Երկրորդը հունիսին կորցրել է Մոսկվայի ՆՎԳ-ն, բացի այդ, ստիպված է եղել կանգնեցնել Օմսկի գործարանը, որն ամենախոշորն է Ռուսաստանում և երկար ժամանակ անհասանելի էր համարվում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների համար։

Ռուսական ընկերությունները դիմել են ինչպես Հնդկաստանի մասնավոր, այնպես էլ պետական նավթավերամշակման գործարաններին, սակայն վերջիններս պատասխանել են, որ արտահանման համար ավելցուկային ծավալներ չունեն, հայտնել են Reuters-ի աղբյուրները։ Այնուամենայնիվ, ըստ գործակալության տվյալների, բենզինի լրացուցիչ մատակարարումները հնարավոր են միջնորդների միջոցով, որոնք վառելիքը բաց ծովում կվերաբեռնեն մեկ տանկերից մյուսը։

Ռուսաստանը կարող է նաև դիզելային վառելիք խնդրել Հնդկաստանից, պնդում են Reuters-ի աղբյուրները։ Բերքահավաքի թեժ պահին դիզվառելիքի արտադրությունը կրճատվել է 40%-ով, և իշխանությունները ստիպված են «ձեռքի կառավարման» ռեժիմով բաշխել հասանելի ծավալները՝ խանութներին սննդամթերքի անխափան մատակարարումն ապահովելու համար։ Գործակալության զրուցաիկները նշում են, որ ներկայումս դիզվառելիքի ներքին արտադրությունը բավարարում է պահանջարկը, սակայն ուկրաինական հարձակումները կարող են շարքից հանել նավթավերամշակման նորանոր հզորությունները։ Դրանք արագ գործարկելն անհնար է․ արտադրության վերականգնման համար առնվազն երկու ամիս կպահանջվի, այն էլ՝ միայն նոր հարվածների բացակայության դեպքում։

EA Analytics-ի գնահատականներով՝ հուլիսին Ռուսաստանում նավթավերամշակման ծավալները նվազել են մինչև 2005 թվականից ի վեր ամենացածր մակարդակին՝ օրական կազմելով 3,91 միլիոն բարել։ Սա 27%-ով պակաս է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից և 30%-ով ցածր նախապատերազմյան՝ 2021 թվականի նույն ամսվա համեմատ։

Energy Intelligence-ի վերլուծաբանները Ռուսաստանում նավթավերամշակման ներկայիս ծավալներն էլ ավելի ցածր են գնահատում՝ օրական 3,58 միլիոն բարել, ինչը կարող է լինել 2002 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշը։ Ներկայումս պարապուրդի մեջ են օրական 3,1 միլիոն բարել արտադրողականությամբ հզորություններ, իսկ նավթամթերքի դեֆիցիտը Ռուսաստանում այս պահին հասնում է ամսական 400-600 հազար տոննայի։ Energy Intelligence-ը հավելում է, որ Բելառուսից և Ղազախստանից իրականացվող մատակարարումները կարող են փակել այս պակասուրդի միայն կեսը։

Source: https://news.am/hy/news/1050192