Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի «լուսանցքներում» Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտաքին գործերի նախարար Վան Ին հերթական հանդիպումն են անցկացրել, որի ընթացքում քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք թեմաներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-չինական համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների զարգացման դրական դինամիկայից: Այդ հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, ինչի հիմքում Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիրն է։ Այս տարի Մոսկվան ու Պեկինը նշում են դրա 25-ամյակը՝ այդ թվում երրորդ երկրներում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցչությունների համատեղ միջոցառումներով։
Լավրովը և Վան Ին «ժամացույցները ճշգրտել են» երկկողմ քաղաքական երկխոսության, գործնական համագործակցության և հումանիտար կապերի հարցերի շուրջ՝ հիմնական շեշտը դնելով մայիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի՝ ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վրա։
Մտքեր են փոխանակվել Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում փոխգործակցության, այդ թվում՝ կառույցի գործունեության համալիր բարելավման համատեքստում դրա հետագա զարգացման հեռանկարների շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի բովանդակային հագեցվածությանը։
Ընդգծվել է միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և նրա Խորհրդում, ՇՀԿ-ում, BRICS-ում, «Մեծ քսանյակում», ԱԽՏՀ-ում և այլ ձևաչափերում Մոսկվայի ու Պեկինի ռազմավարական համակարգման ամրապնդման կարևորությունը։
Քննարկվել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամի շուրջ տիրող իրավիճակը։
Հանդիպման արդյունքներով կողմերն արձանագրել են արծարծված հարցերի մեծ մասի վերաբերյալ երկու երկրների մոտեցումների համընկնումը կամ մոտ լինելը։
Source: https://news.am/hy/news/1051634