Կիրովի մարզում, Կուբանից, Զաբայկալիեից, Նովոսիբիրսկի և Իրկուտսկի մարզերից հետո, բենզալցակայաններում հերթերի պատճառով պարեկություն է սահմանվում։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի կառավարությունից։ «Լցակայաններում կարգուկանոն հաստատելու համար այժմ մշտապես հերթապահելու են պարեկապահակային ծառայության ջոկատները, ճանապարհատրանսպորտային ծառայության աշխատակիցները և «Ռոսգվարդիան», — նշվել է հաղորդագրությունում։ Որոշումն ընդունվել է օպերատիվ շտաբի նիստի արդյունքներով, որը վարել է Կիրովի նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը։
Տարածաշրջանի ղեկավարը նաև հանձնարարել է վերահսկողության տակ վերցնել ձախ և աջ բաք ունեցող մեքենաների լիցքավորման գործընթացը, որպեսզի բաշխվի հերթը և բացվի ազատ անցումը դեպի դատարկ կայաններ։ «Այս միջոցները կգործեն մինչև վառելիքի շուկայում իրավիճակի կարգավորումը», — հայտնել են իշխանությունները։ Բացի այդ, Կիրովի մարզում, մի շարք տարածաշրջանների օրինակով, հուլիսի 11-ից սահմանվում է վառելիքի բացթողում «զույգ/կենտ» սկզբունքով, երբ զույգ թվերում լիցքավորվել կարող են միայն այն ավտոմեքենաները, որոնց համարանիշները սկսվում են 0, 2, 4, 6, 8 թվերով, և հակառակը։ Նաև ավտոմոբիլիստներից պահանջելու են մեքենայի գրանցման վկայականը։
Նոր սահմանափակումները մտցվել են «բենզալցակայաններում մեծ հերթերի» ֆոնին, պարզաբանել են Կիրովի կառավարության ներկայացուցիչները։ Այնտեղ հայտարարել են, որ տեղացի վարորդների «գրեթե կեսը» գալիս է լցակայաններ՝ բաքերում «ընդամենը 1–10 լիտր» ավելացնելու համար, և հենց դրա պատճառով առաջանում են «մեքենաների կուտակումներ»։ «Բացի այդ, արձանագրվել են խախտումներ․ որոշ վարորդներ մի քանի անգամ անընդմեջ լիցքավորում են մեքենան՝ առանց կայանից հեռանալու, ինչպես նաև բենզինը լցնում են տարաների մեջ՝ շրջանցելով սահմանված լիմիտները («Լուկօյլում»՝ 30 լիտր, «Դվիժենիե»-ում՝ 20)», — նշվել է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ամբողջ Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Հեռավոր Արևելք, ընդգրկած սուր վառելիքային ճգնաժամի ֆոնին տարբեր տեսակի ուժայիններից կազմված պարեկախմբեր բենզալցակայաններ էին ուղարկվել Կրասնոդարի և Զաբայկալյան երկրամասերում, ինչպես նաև Նովոսիբիրսկի և Իրկուտսկի մարզերում։
Եթե Կուբանում և Նովոսիբիրսկի մարզում լցակայաններում «հասարակական կարգապահությունը պահպանելու և աշխատանքի օպտիմալացման» նպատակով հերթապահում էին կազակներ, կամավորներ և «ժողովրդական դրուժիննիկներ», ապա մնացած մարզերում իշխանությունները գործի են դրել ավելի լուրջ ուժեր՝ ոստիկանություն և «Ռոսգվարդիա»։ Իրկուտսկի մարզում, որտեղ ուժայինները, ինչպես նշվել է, շուրջօրյա պարեկում են հերթերը, արդեն սկսել են ձերբակալել վերավաճառողներին, որոնք փորձում են բենզինը վաճառել ուռճացված գներով։
Source: https://news.am/hy/news/1049118