Ռուսական զորքերը հուլիսի 17-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային։ Վերջին տվյալներով, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, զոհվել է երկու մարդ։ Վեց մարդ, նրա խոսքով, տուժել է, այդ թվում՝ երեք երեխա։

Քաղաքի Հաջիբեյի շրջանում վնասվել է 11 բնակելի տուն, հավելել է նա։ Ավելի վաղ քաղաքի ռազմական վարչակազմը հայտնել էր, որ հրթիռային հարվածի հետևանքով վնասվել են նաև կրոնական և նախադպրոցական հաստատություններ, ավտոմեքենաներ և քաղաքացիական ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։

Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ անցած գիշեր ՌԴ զորքերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ութ հրթիռ և 130 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ իմիտատոր-դրոններ։ Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ հաջողվել է խոցել հինգ հրթիռ և 115 անօդաչու թռչող սարք։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «շարունակվել են հարվածներն Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ մատակարարելու շահերից ելնելով»։

Հուլիսի 14-ի գիշերը Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել էր երեք մարդ, տուժել է վեց հոգի։

Source: https://news.am/hy/news/1050303