«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարել է, որ գերատեսչությունում զարմանքով և տարակուսանքով մամուլի հրապարակումներից տեղեկացել են Հայաստանի երկաթուղիների վարձակալության համար հնարավոր վճար սահմանելու մասին։
Բելոզերովի գնահատմամբ՝ ռուսական կողմը հետևողականորեն և ամբողջ ծավալով կատարում է 2008 թվականի կոնցեսիոն պայմանագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները։
Նա նշել է, որ Հայաստանի երկաթուղային համակարգը կոնցեսիայի հանձնելը երկրին հնարավորություն է տվել ստանալ ժամանակակից ենթակառուցվածք՝ միաժամանակ ազատելով պետական բյուջեն երկաթուղու վերականգնման և պահպանման ֆինանսավորման անհրաժեշտությունից։
«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարն ընդգծել է, որ կոնցեսիայի գործողության ամբողջ ընթացքում բաժնետիրոջը շահաբաժիններ չեն վճարվել․ ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղային համակարգի զարգացմանը։
«2008-ից մինչև 2025 թվականը «Ռուսական երկաթուղիներ»-ի միջոցներից և հենց Հարավկովկասյան երկաթուղու եկամուտներից կատարված ներդրումները կազմել են մոտ 396,3 միլիոն դոլար։ Այդ ծավալն ամբողջությամբ հաստատված է փաստաթղթերով»,- հայտարարել է Բելոզերովը։
Նա նշել է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն ազգային գործատուներից մեկն է։ Ընկերությունում աշխատում է շուրջ 2500 աշխատակից, որոնց աշխատավարձը պարբերաբար ինդեքսավորվում է։
Ըստ «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարի՝ շարունակվում է ուղևորատար շարժակազմի արդիականացումը։ Մասնավորապես, 2021 թվականին հայկական կողմի խնդրանքով մատակարարվել է 27 նոր վագոն։
Բելոզերովը հիշեցրել է, որ Հարավկովկասյան երկաթուղու և Ռուսական երկաթուղիների համատեղ ջանքերով վերացվել են 2024 թվականին Դեբեդ գետի ավերիչ վարարումից առաջացած հետևանքները։ Աշխատանքները ֆինանսավորվել են Պահուստային հիմնադրամից։
Նա հայտնել է, որ կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները հստակ ամրագրված են կոնցեսիոն պայմանագրում, որի կողմ է նաև Հայաստանի կառավարությունը։
«Մեր կողմից մտադիր ենք հաստատակամորեն հետևել պայմանագրին։ Եթե հայկական կողմը դիտարկում է դրա դադարեցման կամ պայմանների փոփոխության հնարավորությունը, մենք իրավունք ունենք ակնկալելու ներդրված միջոցների վերադարձը»,- հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը։
Source: https://news.am/hy/news/1052572