Ընթացիկ տարում միջազգային համագործակցության ծրագրի շրջանակում ՝ սեմինարների մասնակցելու նպատակով Չինաստան են ուղարկվել մեր ստորաբաժանումների մասնագետներ՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, կապի և կիբեռանվտանգության, ավիացիայի, ռազմական տոպոգրաֆիայի, ինժեներական զորքերի և այլ ծառայությունների ոլորտներից։ Դրա մասին հուլիսի 30-ին Հայաստանում ՉԺՀ դեսպանատանը Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 99-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Գլխավոր շտաբի պետը Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության և անձամբ իր անունից շնորհավորանքներ է փոխանցել դեսպանատանը, Չինաստանի ժողովրդին և ՉԺԱԲ-ի վետերաններին՝ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը․ «Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա։ Այդ մասին է վկայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025 թվականին կատարած այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որի ընթացքում կառավարության ղեկավարը մասնակցել է «ՇՀԿ պլյուս» ձևաչափի նիստին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին»։

Ասրյանն առանձնապես նշել է Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինպինի հանդիպումը, որի արդյունքներով հայտարարվել է ռազմավարական գործընկերության հաստատման մասին, և նշել, որ Պեկինի հետ պաշտպանական երկխոսությունը գտնվում է Երևանի հատուկ ուշադրության կենտրոնում․

«2023, 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է միջազգային անվտանգության հարցերով Պեկինյան «Սյանշան» ֆորումներին, որոնց շրջանակում արդյունավետ հանդիպումներ է ունեցել ՉԺՀ պետական գործիչների հետ, ինչը խթան է դարձել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման համար»։

Գեներալ-լեյտենանտի գնահատմամբ՝ կողմերը հաջողությամբ իրականացնում են համագործակցության տարեկան ծրագրերը, պատվիրակություններ փոխանակում և ամրապնդում կապերը ՉԺՀ Ռազմական գիտությունների ակադեմիայի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի և ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջև։

«Ամփոփելով՝ վստահություն եմ հայտնում, որ երկու երկրների առաջնորդների կողմից արձանագրված ռազմավարական գործընկերության մակարդակը հաշվի առնելով՝ հայ-չինական հարաբերություններն ու պաշտպանա-անվտանգային երկխոսությունը կշարունակեն ակտիվորեն խորանալ բոլոր առանցքային ուղղություններով», - եզրափակել է Էդվարդ Ասրյանը։

Source: https://news.am/hy/news/1052570